ՀՍՀ/ՀԱՅ–ԱՐՏՅԱՆ
ՀԱՅ–ԱՐՏՅԱՆ (իսկական ազգանունը` Հարությունյան) Արտաշես Թադևոսի 14(26).10.1899, գ. Նախճավան, Կարսի մարզ –13.4.1978, Երևան, հայ սովետական կինոռեժիսոր, սցենարիստ: ՀՍՍՀ Ժող. արտիստ (1966): ՍՄԿԿ անդամ 1950–ից: 1922–ին ավարտել է Երևանի հայկական դրամատիկական ստուդիան, 1927–ին` Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի տեխնիկումը (1923–ից նկարահանվել է կինոյում), 1932–ին` Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստ–ին կից երկամյա, ակադեմիայի տիպի ռեժիսորական բարձրագույն դասընթացները (ղեկավար` Ս. Էյզենշտեյն և Ա. Ռոոմ): 1925–ից աշխատել է «Պետկինո»–ի առաջին ֆաբրիկայում որպես դերասան և ռեժիսորի ասիստենտ, 1929–ից` բեմադրոդղ–ռեժիսոր, ստեղծել լիամետրաժ և կարճամետրաժ մանկական ֆիլմեր («Պյոտր Իվանովիչ», «Ես փոքր չեմ»): 1935–ից եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր: Լավագույն կինոնկարներից են` «Կարո» (1937), «Մեր կոլխոզի մարդիկ» (1939), «Սովետական լեզվի դասը» (1941), «Պատվի համար» (1956, ըստ Շիրվանզադեի), «Հյուսիսային ծիածան» (1961), «Լալվարի որսկանը» (1965): Հ–Ա. իր մի քանի ֆիլմերի սցենարիստն է: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշանով:
