ՀՍՀ/ՀԱՅ–ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ
ՀԱՅ–ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ, Լուսավորչական եկեղեցի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու մտացածին, պայմանական անվանումը 1836–ից: Ելնելով այն իրողությունից, որ եկեղեցիները կրկնակի անուններով (օրինակ, Հռոմեական Լատին–Կաթոլիկ եկեղեցի) կոչելու համարյա ընդհանուր սովորույթ կար, մեկը` ազգագրական (երկրի կամ ժողովրդի անունով, օրինակ, Բյուզանդական եկեղեցի, Ռուսական եկեղեցի), մյուսը` վարդապետական (եկեղեցու հետևած սկզբունքների նշանակությունից առաջացած, օրինակ, Բողոքական եկեղեցի) և չբավարարվելով Հայոց եկեղեցու ազգագրական (Հայոց, Հայաստանյայց, Հայ) անունով` ցարական կառավարությունը պահանջեց վարդապետական անվանում տալ հայ եկեղեցուն: Չխորանալով խնդրի էության մեջ` Էջմիածնի կաթողիկոսարանում կազմվեց և հոգևոր գործերի կայսերական խորհրդին առաջարկվեց «Լուսավորչական եկեղեցի» անունը` մակաբերված Հայոց պաշտոնական (301) եկեղեցու հիմնադիր Գրիգոր Ա Լուսավորչի պատվանունից: Սակայն, ռուսերենի վերածելիս, նպատակահարմար դիտվեց այն փոխարինել Գրիգոր Լուսավորչի անունով, և հրապարակված «Պոլոժենիե»–ի մեջ առաջին անգամ երևան եկան «Հայ–Գրիգորյան եկեղեցի» (ռուս. շարադրանքով) և «Հայ–Լուսավորչական եկեղեցի» (հայերեն թարգմանությունում) անվանումները: Դրանք ստեղծեցին այն տպավորությունը, թե Գրիգոր Լուսավորչով է սկսվել Հայոց եկեղեցին: Մինչդեռ, նա Հայոց եկեղեցու ոչ թե սկզբնավորողն է, այլ վերանորոգողը, պետական–կազմակերպված տեսքի բերողը, վավերականացնողն ու սրբագործողը: «Հ–լ. ե.» անվան մտացածին լինելը նկատել են Մ. Մուրադյանցը, Մ. Օրմանյանը և ուրիշներ, իսկ «Հայ–Գրիգորյան եկեղեցի» կամ «Գրիգորյան եկեղեցի» ռուս. համարժեքների արհեստական լինելը դեռևս մատնանշել է Ն. Մառը: «Հ–լ. ե» անունը գիտ. գրականության մեջ տարածված չէ և աստիճանաբար դուրս է գալիս գործածությունից:
