ՀՍՀ/ՀԱՅ–ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ 1254
ՀԱՅ–ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ 1254, կնքվել է Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում Ա–ի և մոնղոլական մեծ խան Մանգուի միջև Կարակորում քաղաքում: Թաթար–մոնղոլների հնարավոր ներխուժումը Կիլիկյան Հայաստան կանխելու համար 1243–ին Կոստանդին թագավորահայրը կարողացավ Կեսարիա քաղաքում հաշտություն կնքել մոնղ. զորահրամանատար Բաչուի հետ: Վերջինիս խորհրդով Սմբատ Սպարապետը 1248–ին մեկնեց Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում, Գույուկ մեծ խանի հետ պայմանավորվեց Հեթում Ա–ի այցելության և դաշնագիր ստորագրելու մասին: Հեթում Ա 1254–ին, մայր Հայաստանի ու Ոսկե Հորդայի վրայով, հասավ Կարակորում և նոր խան Մանգուի հետ հաստատեց Հ–մ. ղ.: Մոնղ. արքունիքը պարտավորվեց զինակցել Կիլիկյան Հայաստանին` Իկոնիայի և Եգիպտոսի սուլթանությունների դեմ, երաշխավորեց Կիլիկյան Հայաստանի անկախությանն ու սահմանների անխախտությունը` խոստանալով նրան միավորել մերձակա հայկ. հողերը, որոնք զավթել էին խաչակիր ասպետները, սելջուկյան թուրքերն ու Եգիպտոսի մամլուքները, չափավորեց մայր Հայաստանի բնակչության, մասնավորապես հոգևորականության հարկերը, հայերին արտոնեց ազատ առևտուր անել մոնղ. լայնածավալ տերության մեջ: Կիլիկյան Հայաստանը պարտավորվեց զինակցել մոնղոլներին` Հյուսիսային Միջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրավելու ժամանակ: Դաշնագրի համաձայն, 1256–62–ին Կիլիկյան Հայաստանի հետ միավորվեցին Կապադովկիայի հվ. հայաբնակ շրջանները, Հերակլեա և Մանիոն կարևոր սահմանաբերդերը, Մարաշ, Այնթապ, Բեհեսնի քաղաքներն ու դրանց շրջակայքը: 1259–ին հայ–մոնղ. Զորքերը գրավեցին Հյուսիսային Ասորիքը, որի հս–արմ. մասը, Հալեպ կենտրոնով, միացվեց Կիլիկյան Հայաստանին: Հ–մ. դ. սկզբնական շրջանում դրական նշանակություն ունեցավ Կիլիկյան Հայաստանի համար` շրջակա մահմեդական իշխանությունների դեմ պայքարում, ամրապնդվեց նրա միջազգային դիրքը, արտաքին առևտրական աշխույժ հարաբերությունները նպաստեցին երկրի տնտ. վերելքին: Սակայն Х III դ. վերջին (հատկապես մոնղոլների մահմեդականացումից հետո) Հ–մ. դ. կորցրեց իր նախկին նշանակությունը: 1308–ին, երբ թաթար–մոնղ. զորահրամանատար Փիլարղուն Անարզաբայում դավադրությամբ սպանել տվեց Լեվոն Դ թագավորին և նրան ուղեկցող 40 հայ իշխաններին, Հ–մ. դ. փաստորեն դադարեց գոյություն ունենալուց:
Գրկ. Սմբատ Սպարապետ.. Տարեգիրք, Վնտ., 1956: Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Մ. Կատվալյան
