Jump to content

ՀՍՀ/ՀԱՅ–ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՍԿԱԴՐՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅ–ՎՐԱՑԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՍԿԱԴՐՈՆ (ռուս. աղբյուրներում` «Кизлярский шквадрон», «Грузинский шквадрон»), ռուսական բանակում վրաստանաբնակ հայերից ու վրացիներից կազմված ստորաբաժանում (1723–64): Ստեղծվել է Թիֆլիսում, Վրաստանի (Քարթլիի) Վախթանգ VI թագավորի աջակցությամբ և թիֆլիսաբնակ հայ Ղուզանենց–Ղուզանյանների տոհմի նախաձեռնությամբ ու միջոցներով: 1723–ի հոկտեմբերին Հ–վ. մ. է–ի 17 մարդուց կազմված ջոկատը ժամանեց Ռեշտ և մտավ գեն.–մայոր Վ. Յա. Լևաշովի հրամանատարությամբ գործող զորախմբի շարքերը: 1724–ի սկզբին, Փարսադան բեկ, Ռաֆայել և Թաղա Ղուզանենց–Ղուզանյանների ղեկավարությամբ Ռեշտ ժամանեցին նաև Հ–վ. մ. է–ի մյուս ջոկատները: 1724–ի ապրիլին, ռուս. արքունիքի որոշմամբ և Զինվորական կոլեգիայի հրամանով, հայերից ու վրացիներից կազմված հեծյալ նոր ստորաբաժանումը (100 հոգի), որպես առանձին միավոր, ընդունվեց ռուս. ծառայության մեջ (Նիզովայա կորպուսի կազմում): Մինչև 1727–ը Հ–վ. մ. է–ի զինման, պարենի ծախսերը հոգում էր Ղուզանյանների առևտրական տունը

1724–ից Հ–վ. մ. է. մասնակցել է Կասպից ծովի ավազանում ծավալված ռազմ. գործողություններին (մասնավորապես Լաշամադանի, Ֆումենի, Պասախանի, Ռուդսելի մարտերին): Առավել աչքի ընկածներն արժանացել են պարգևների, ղեկավար կազմին 1725–ին շնորհվել են զինվորական առաջին աստիճանները, համազգեստ, զենք: 1728–ից Հ–վ. մ. է–ի սպասարկումը ստանձնեց Նիզովայա կորպուսի ինտենդանտական ծառայությունը: Դրա շնորհիվ Հ–վ. մ. է–ի զորայինների թիվը 1734–ին կրկնապատկվել էր (200– 300 հոգի): Հ–վ. մ. է. ուներ 20 հոգուց կազմված իր սպայակազմը` փոխգնդապետ (հետագայում` գնդապետ) Ռաֆայել Ղուզանենցի գլխավորությամբ: Գանձակի ռուս–իրանական պայմանագրի կնքումից (1735) հետո, հայերից կազմված մյուս ստորաբաժանումների հետ, Հ–վ. մ. է. տեղափոխվեց Աստրախան–Ղզլար, և նրա հետագա ուղին սերտորեն կապված է Հայկական էսկադրոնի հետ: Աննա Իոանովնա Կայսրուհու 1738–ի մարտի 25–ի հրամանագրով ռուս. բանակի կազմում ստեզծվեցին վրաց. հուսարական ստորաբաժանումներ, իսկ Սենատի 1741–ի մայիսի 1–ի կարգադրությամբ սահմանվեց, որ վրացիները և վրաստանաբնակ հայերը ընդգրկվեն միայն վերոհիշյալ հուսարական գնդերում: Այդ որոշումների հետևանքով Հ–վ. մ. է–ի աճը դադարեց: Հ–վ. մ. է. մասնակցեց ռուս–թուրքական (1735–39), ռուս–շվեդական (1741–43) և Յոթնամյա (1756–62) պատերազմներին, մարտիկներից շատերն արժանացան պարգևների, բայց ռազմադաշտում ընկածների փոխարեն նոր համալրում չէր ստացվում: 1764–իհ Հ–վ. մ. բաղկացած էր ընդամենը 50 հոգուց: Եկատերինա II կայսրուհու 1764–ի մայիսի 10–ի հրամանագրով Հ–վ. մ. է. ցրվեց: Հ–վ. մ. է–ի հրամանատարն են եղել 1723–45–ին` Ռաֆայել, 1745–54–ին` Թաղա Ղուզանենց–Ղուզանյան եղբայրները:

Գրկ. Խաչատրյան Հ. Ն., Արխիվային նոր նյութեր Х VIII դ. Հայկական էսկադրոնի մասին, «ՊԲՀ», 1964, No 1: Նույնի, Армянское войско в XVIII веке, Е., 1968.

Հ. Խաչատրյան