ՀՍՀ/ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ
ՀԱՅ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ, կրոնական քողի տակ դրսևորված ազատագրական գաղափարախոսություն: Հորինվել է հայկ. պետականության և անկախության կորստից հետո` օտարերկրյա երկարատև լծի, բնիկ ազգաբնակչության հարկադրյալ արտագաղթի և օտարամուտ տարրերի ներգաղթի պայմաններում: Հայ ժողովրդի դիմադրական կարողությունը թուլացել էր, և հայրենի պետականության ու անկախության վերականգնման գաղափարը ծնունդ տվեց արտաքին ուժերի (որևէ քրիստոնյա ազգի) օգնությամբ ազատագրվելու ակնկալության, որն արտահայտվեց գուշակությունների, մարգարեությունների, տեսիլների ու լեգենդների մեջ: Հնագույն դրսևորումն են եղել Ներսես Պարթևին և նրա որդի Սահակ Պարթևին վերագրվող «տեսիլները»: Ներսես Ա Մեծը (IV դ.) մահվան մահճում կանխագուշակել է ոչ միայն Արշակունյաց հարստության և Գրիգոր Լուսավորչի հայրապետական տան անկումը, այլև Հայաստանի հաջորդական անցումը տարբեր տիրապետությունների տակ և, վերջապես, աստվածային պատուհասներից փրկությունը` օտար քրիստոնյաների օգնությամբ: Պատմական տարբեր դարաշրջաններում Հայաստանի փրկարարների դերում հանդես են բերվել հռոմեացիները (հույներ), եվրոպացիները (ֆրանկներ) ևն: Հույների հիշատակությունը առնչվում էր Պարսից Սասանյանների և, հետագայում` արաբ. նվաճումների դարաշրջանում, բյուզանդական կողմնորոշման, ֆրանկներինը (որոշ աղբյուրներում` ալամաններ)` խաչակրաց արշավանքների ժամանակ Արևմուտքի քրիստոնյաների նկատմամբ տածած հույսերի հետ: Տեսիլների հնագույն բնագրերում օտար քրիստոնյաներին առաջնորդելու էին հայկ. ծագում անեցող «որմանք» կամ «արամանք» (այն հայ զորականների սերունդները, որոնց Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը իբր թողել էին Հռոմում` ծառայելու Կոստանդինոս կայսրին: Հ. ա. լ. արտացոլվել է նաև Ագաթոն (Ագադրոն) փիլիսոփայի, Հովհաննես Կոզեռնի գուշակություններում և «Դաշանց թուղթ» հորինվածքում: Հ. ա. լ–ի վերջին տարբերակում (պահպանվել է Իսրայել Օրու թղթերում) հայ ժողովրդի ազատարարի և Հայաստանի վերականգնողի դերը վերագրվում է Ռուսաստանին: Այդ տարբերակը հիշատակվում է նաև Մանուել Գյումուշխանեցու և այլոց գործերում: Օսմանյան լծի տակ ընկած բալկանյան քրիստոնյաները նույնպես ունեցել են համանման ազատագրական լեգենդներ:
Գրկ. Սոփերք հայկականք, մաս 6, Վնտ.,1853: Հովհաննիսյան Ա. Գ., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Ե.. 1957: Galanus Clemens, Coaciliato Ecelesiae Armeniae cum Romana, t. 1, Romae, 1650.
Վ. Դիլոյան
