Jump to content

ՀՍՀ/ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏ (ՀԱՃ), հայ հայրենասերների անլեգալ կազմակերպություն (1942–45–ին): Ստեղծվել է ֆրանսահայ կոմունիստների նախաձեռնությամբ: Միավորում էր ֆրանսահայ համայնքի հայրենասերներին` անկախ սոցիալական պատկանելությունից և քաղ. հայացքներից: Կազմակերպիչներն էին Հանրի Մարմարյանը, Մեսրոպ Ասատուրյանը, Դավիթ Դավթյանը, Շահե Տատուրյանը, Սիրակ Բաղդասարյանը, Մելքոն Գեղունին, Կարապետ Քյուրեջյանը, Սարգիս Ալթունյանը և ուրիշներ: Գերմ. օկուպացիայից Ֆրանսիայի ազատագրման պահին ՀԱՃ–ի շարքերում հաշվվում էր ավելի քան 10 հզ. հայ հայրենասեր: 1943–ին ՀԱՃ–ի նախաձեռնությամբ ստեղծվեց Երիտասարդ Ֆրանսահայ հայրենասերների ճակատը: Հայ հայրենասերները գերմ. օկուպանտների դեմ պայքարում էին մատչելի բոլոր միջոցներով: ՀԱՃ ընդհատակում հրատարակել է թերթեր, թռուցիկներ, Սովինֆորմբյուրոյի հաղորդագրություններ ևն: «Հայ ճակատ», «ժողովուրդ», «Ժյոն արմենիեն», («Երիտասարդ հայ»), «Էմանսիպասիոն» («Ազատագրում»), «Ժյոնես լիբր» («Ազատ երիտասարդություն») ևն պարբերականներն իրենց էջերում ընդգծում էին այն միտքը, որ հայ հայրենասերները մասնակցելով ու օգնելով ֆրանս. Դիմադրության շարժմանը, դրանով իսկ կատարում են իրենց ինտերնացիոնալ, ինչպես նաև հայրենասիրական պարտքը հեռավոր հայրենիքի` Սովետական Հայաստանի նկատմամբ: ՀԱՃ կազմակերպել է նաև նյութական օգնություն Ֆրանսիայի ազատագրման ֆոնդին: Միայն 1943–44–ին Հարավային և Կենտրոնական Ֆրանսիայի ՀԱՃ–ի կոմիտեները հանգանակեցին և Դիմադրության ֆոնդին հանձնեցին 7 մլն ֆրանկ: Բացի այդ, զգալի գումար հանձնեցին «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան կազմակերպման ֆոնդին: 1944–ի ամռանը, Ֆրանսիայում Ազգային ապստամբության օրերին, ՀԱՃ աջակցում էր հայ պարտիզանական և Հայրենասիրական միլիցիայի ջոկատների ստեղծմանը: Ակտիվորեն մասնակցել է Փարիզի և Ֆրանսիայի այլ քաղաքների ու շրջանների ազատագրմանը: ՀԱՃ–ի նման կազմակերպություններ, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, գործել են նաև ԱՄՆ–ի, Անգլիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Սիրիայի, Կիպրոսի հայ համայնքներում: Իրենց հայրենասիրական գործունեությամբ այդ կազմակերպություններն զգալի ավանդ մուծեցին Սովետական Միության հակաֆաշիստական պայքարի ընդհանուր գործում:

Գրկ. Դրամփյան Տ. Ս., Ֆրանսահայ կոմունիստները դիմադրության տարիներին.1941–1944, Ե., 1967: Տ. Դրամբյան