Jump to content

ՀՍՀ/ՀԱՅ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավական նորմերի համակցություն, որով կարգավորվել են ամուսնա–ընտանեկան հարաբերությունները Հայաստանում: Ինչպես իրավունքի յուրաքանչյուր ճյուղ, այնպես էլ Հ. ը. ի. առաջացել է դասակարգային հարաբերությունների ծագման հետ համատեղ` որպես օրենքի աստիճանի բարձրացված տիրող դասակարգի կամք: Ստրկատիրական հարաբերությունների շրջանում Հ. ը. ի. պաշտպանում էր ստրկատերերի շահերը, ամրապնդում ստրուկների իրավազրկությունը: Օրենքով ամրապնդվող սոցիալական անհավասարությունը տարածվում էր ոչ միայն հայերի, այլև ազգային կամ կրոնական տարբեր պատկանելություն ունեցողների ընտանեկան հարաբերություններում: Այսպես, Խորենացու վկայությամբ Արշակ Ա ազգությամբ հրեա Բագարատի որդիներին արգելել էր ամուսնանալ հայերի հետ, եթե չհրաժարվեին թլպատումից: Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը հասարակական հարաբերությունների ժամանակակից բնույթն արտահայտելու հետ մեկտեղ դեռևս պահպանում էր նախնադարյան համայնական կարգերից մնացած սովորույթներ: Ըստ մեզ հասած իրավունքի աղբյուրների` «Աւրենք յաղթող թագաւորաց հռոմայեցոց» դատաստանագրքի (հայ մատենագրությանը հայտնի է «Գիրք Նոմոսի և դատաստանեաց», «Նոմոս թագաւորաց», «Նոմոս» և այլ անուններով), հայ թագավորների հրամանների ևն, ամուսնությունը ստրկատիրական Հայաստանում դիտվել է որպես աշխարհիկ իրավական դաշնագրություն, հարսանիքը` հասարակական ճանաչման միջոց: Նշանվածները համարվել են ամուսնացածներ, թույլատրվել է մերձավորների (խորթ մայր, քույր, հորաքույր, քրոջ աղջիկ, տեգր, այրիացած հարս ևն) ամուսնությունը, իշխող դասակարգի ներկայացուցիչների բազմակնությունը: Տղամարդուն վերապահվել է ամուսնալուծության, կնոջ նկատմամբ անհավատարմության իրավունք, կնոջը` ոչ: Կնոջ անհավատարմությունը ոչ միայն արգելված էր, այլև պատժելի: Նահապետական ընտանիքներում գույքի միակ սեփականատերը ընտանիքի գլուխն էր: Այդ իրավունքը փոխանցվում էր ավագ որդուն: Հետագայում, ավագ եղբոր իշխանությունը թուլանալուն զուգընթաց, կրտսեր եղբայրները իրավունք են ստանում տան գույքից բաժին ստանալ և ինքնուրույն ընտանիք կազմել: Եղբայրները պարտավորվում էին քույրերին օժիտ տալ, հոգալ նրանց ամուսնության ծախսերը: Նահապետական ընտանիքում կինը սեփականություն չուներ, հետագայում օժիտը (ծառաներ, աղախիններ, թանկարժեք նվերներ, հողային տիրույթ, անասուններ) նրա սեփականությունն էր: Ֆեոդալիզմի շրջանում ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորվում էին աշխարհիկ (Մխիթար Գոշի Դատաստանագիրք, Սմբատ Սպարապետի Դատաստանագիրք) և կանոնական («Կանոնագիրք հայոց») իրավունքի նորմերով: Կանոնական իրավունքը կարգավորում էր ամուսնության, ամուսնալուծության, աշխարհիկ իրավունքը` ամուսինների, ընտանիքի անդամների գույքային, խնամակալության, որդեգրման հարաբերությունները: Հասարակական հարաբերությունների այդ շրջանում ամրապնդվում էր սեռերի անհավասարությունը: Ամուսինը սեփականության իրավունքի լիարժեք սուբյեկտ էր ինչպես իր, այնպես էլ կնոջ գույքի նկատմամբ: Ամուսնու գույքի, այդ թվում նաև համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած ունեցվածքի և երեխաների նկատմամբ կինն իրավունքներ չուներ: Ամուսնությունն առանց եկեղեցական ծեսի անվավեր էր: Կանոնական իրավունքը արգելում էր բազմակնությունն ու հարճ պահելը, ամուսնությունն այլադավանի հետ: Ամուսնաընտանեկան իրավունքն ազդարարում էր երեխաների նկատմամբ հոր իշխանությունը, ամրապնդում նրա անձնական և գույքային իրավունքները: Կանոնական իրավունքը պսակադրության տարբեր կարգ էր սահմանում երկրորդ անգամ ամուսնացողների համար: Պարտադիր էր համարվում մենամուսնությունը, ամուսնանալու համար որոշակի տարիքն ու ամուսինների փոխադարձ համաձայնությունը, արգելվում էր ամուսնությունը մերձավոր արյունակիցների միջև: Ամուսնալուծության հարգելի պատճառներ էին բորոտությունը, կնոջ անհավատարմությունը, դիվահարությունը, ամլությունը, կախարդությունը, անասնապղծությունը ևն: Ռուսաստանին միավորվելուց հետո, հայ իրավունքի աղբյուրների թվում, Հայաստանում ամուսնաընտանեկան հարաբերությունների կարգավորման աղբյուր է համարվել նաև «Հավաք օրինացը»: Տես նաև Ամուսնություն և ընտանիքի օրենսգիրք ՀՍՍՀ:

Գրկ. Կանոնագիրք հայոց, աշխատասիր. Վ. Հակոբյանի, հ. 1–2, Ե., 1964, 1971: Ասորական դատաստանագիրք, լույս ընծայնց Ա. Ղյլրճյան, Էջմիածին, 1917: Մխիթար Գոշ, Գիրք դատաստանի, աշխատասիր. Խ. Թորոսյանի, Ե., 1975: Հովհաննիսյան Ս. Հ., «Ասորական» կամ «Ասորա–հռոմեական» կոչված դատաստանագրքի աղերսը հայ իրավունքի հետ, «ՊԲՀ», 1970 2: Ս. Հովհաննիսյան