Jump to content

ՀՍՀ/ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ, ավանդաբար փոխանցվող կրոնա–եկեղեցական և ժողովրդական տոներ: Հիմնականում ծագել են նախաքրիստոնեական (հեթանոսական) շրջանում և հետագայում պահպանել հնագույն ծիսակարգին ու հավատալիքներին առնչվող մի շարք սովորույթներ ու արարողություններ: Միաժամանակ հարմարեցվել են քրիստոնեական գաղափարախոսությանն ու տոնացույցին: Դարեր շարունակ պահպանվելով` հասել են մեզ` փոփոխված և նոր երանգավորում ստացած: Նոր տարուց հետո առաջին տոնը համարվել է Քրիստոսի ծննդյան ու մկրտության տոնը (Ծննդյան տոն), որը կատարվում է հունվարի առաջին շաբաթ, կիրակի օրերը: Ըստ էության այն խորհրդանշում է տարվա սկիզբը և ժամկետով անխախտ է: Համարվում է տարվա առաջին արևածագի օր կապվում ջրի, արևի պաշտամունքի, մեռնող ու հարություն առնող աստվածության գաղափարի և այլ հավատալիքների հետ: Ծննդյան տոնից, պատարագից հետո հայ եկեղեցում կատարվում է ջրի օրհնություն (Ջրօրհնեք): Ծնունդից 40 օր հետո կատարվում է Տյառնընդառաջը (Տրընդեզ, Տերընդեզ), որի օրը նույնպես հաստատուն է (փետրվարի 13–ին): Սահմանված է ի պատիվ Քրիստոսի` ծնունդից 40 օր հետո տաճար մտնելուն (տես Ամանոր, Նոր տարի, Բարեկենդան, Ծաղկազարդ, Համբարձում, Վարդավառ): Կան նաև եկեղեցական–կրոնական այլ տոներ, որոնք ընթանում են ժողովրդական տոնախմբությունների, որոշակի արարողությունների զուգակցությամբ: Դրանց մի մասը կատարվում է Քրիստոսի (տերունական տոներ), մի մասը` սրբերի հիշատակին (սրբոց տոներ): Ըստ համապատասխան տոների, հայ եկեղեցին սահմանել է պահոց և ուտիքի օրեր: Գրեթե բոլոր խոշոր տոներն ուղեկցվել են երգերով, պարերով, խնջույքներով ևն (տես նաև Կրոնական տոներ):

Ժ. Խաչատրյան