ՀՍՀ/ՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ սփյուռքում, մարզական կազմակերպություններ հայկական գաղթավայրերում: Դեռևս XIX դ. 70–ական թթ. Կալկաթայի հայ մարդասիրական ճեմարանում գոյություն են ունեցել ռեգբիի, ֆուտբոլի, խոտի հոկեյի, թենիսի մարզական խմբեր: 1888–90–ին ԱՄՆ–ի հայկական գաղութում հիմնվել են «Արարատյան գունդ», «Մարզական կաճառ» և «Զինավարժական» մարզական միությունները: 1904–ին Կ. Պոլսում կազմակերպվել են «Պալթալիմանի» ֆուտբոլի խումբը, Ղալաթիայի «Մանթրալ» և «Գում–Գափու» ակումբները: Օսմանյան սահմանադրությունից հետո` 1908–ին, հիմնվել են «Տորք», «Րաֆֆի», «Արաքս», «Արտավազդ», «Տիտան», «Վահագն», «Պարթև» մարզական միությունները: 1911–ից Կ. Պոլսում հրատարակվել է «Մարմնամարզ» հայկ. մարզական առաջին ամսագիրը (խմբագիր` Շավարշ Քրիսյան): 1911–ի մայիսի 1–ին կազմակերպված հայկ. առաջին օլիմպիական խաղերին (նավասարդյան խաղերի նմանօրինակով) մասնակցել են հայկ. մարզական բոլոր միությունները, որոնց ներկայացուցիչներից Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրյանը մասնակցել են միջազգային 5–րդ օլիմպիական խաղերին (Ստոկհոլմ, 1912): 1911 – 14–ին նավասարդյան խաղերն ու հանդեսները նպաստել են ազգային զարթոնքին ու մշակութային–հասարակական շարժման վերելքին: 1914 – 18–ի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծված ավանդույթներն ընդհատվել են, սակայն Մուդրոսի զինադադարից հետո, 1918–ի նոյեմբերի 1–ին, ստեղծվել է Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ), որի հիմնադիրները եղել են Գրիգոր և Լևոն Հակոբյան եղբայրները, Տիգրան Խոյյանը, Հայկ Ճիզմեճյանը, Վահրամ Փափազյանը, Հակոբ Սիրունին և ուրիշներ: Միության նպատակը զինադադարից հետո վերադարձող հայության, հատկապես երիտասարդության և որբերի, համախմբումն էր: Տպագիր օրգանը «Հայ սկաուտ» հանդեսն էր (խմբագիր` Կարո Ուշագլյան): ՀՄԸՄ–ն վերականգնում է ավանդույթը և 1919 – 22–ին կազմակերպում հայկ. օլիմպիական խաղեր: ՀՄԸՄ–ի մասնաճյուղեր են հիմնվել նաև Փարիզում (1920), Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում և Բոստոնում (1921–ին): Հայերի արտագաղթի հետ կապված` 1922–ին ՀՄԸՄ–ն լուծարքի է ենթարկվել: 1921–ի նոյեմբերին Սիրիայում (Հալեպ, Դամասկոս), Լիբանանում հիմնվել է Հայ մարմնամարզական միությունը (ՀՄՄ–«Հոմենմեն»), որը Մերձավոր Արևելքում կազմավորված ամենագործունյա մարզական միությունն է: ՀՄՄ–ի մարզիկները հիմնականում զբաղվել են ֆուտբոլով, ինչպես նաև բասկետբոլով, վոլեյբոլով, սեղանի թենիսով և հեծանվային սպորտով: ՀՄՄ–ի Բեյրութի ֆուտբոլի թիմը բազմիցս դարձել է Լիբանանի չեմպիոն և գավաթակիր: ՀՄՄի մարզիկները մասնակցում են միջազգային մրցումներին, համաարաբական խաղերին, միջերկրածովյան երկրների օլիմպիական խաղերին: ՀՄՄ–ն իր մասնաճյուղերն ունի Արգենտինայի և Ուրուգվայի հայկ. գաղթավայրերում: Արգենտինայի մասնաճյուղն ամենագործունյան է, իր միջոցներով կառուցել է մարզադաշտ, ուր հաճախ անցկացվում են միջազգային հանդիպումներ (օրինակ, 1973–ի նոյեմբերին Սովետական Միության ֆուտբոլի հավաքականի ընկերական հանդիպումները): Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ–«Հոմենթմեն») հիմնել են Կ. Պոլսից գաղթած ՀՄԸՄ–ականները: Եգիպտոսի հայկ. գաղութում համեմատաբար ավելի վաղ է կազմավորվել մարզական կյանքը: 1912–ին Ալեքսանդրիայում հիմնվել են «Կամք», 1914–ին` Կահիրեում «Արարատ» մարզական միությունները, որոնք գործել են մինչև 50–ական թթ.: Հետագայում մասնաճյուղեր են կազմակերպվել նաև Բուլղարիայում (1922), Ռումինիայում (1923), Հունաստանում (1924): Վերջիններիս գործունեությունը հարատևել է մինչև երկրորդ համաշխարհային պատետերազմը: 1924–ին ՀՄԸՄ–ի մասնաճյուղեր են ստեղծվել Լիբանանում, 1925–ին` Սիրիայում, ապա` Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում և Կիպրոսում: 1924–ին Փարիզի ՀՄԸՄ–ի ջանքերով հիմնվել է Մարսելի միությունը, ուր հիմնականում զբաղվում են ֆուտբոլով, մասնակցում Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության մրցումներին: 1944–ին Իրանում ՀՄԸՄ–ն, որպես մարզական միություն, առանձնանում է մշակութայինից, իսկ 1950–ից վերանվանվում «Հայ մշակութային Արարատ միություն», ավելի ուշ` 1956–ից, կազմակերպություն (ՀՄԱԿ): «Արարատ»–ի մարզիկները հիմնականում զբաղվում են բասկետբոլով և ֆուտբոլով, մասնակցում տեղական առաջնության մրցումներին, իսկ 1977–ից` Լոս Անջելեսի ՀՄԸՄ–ի տարեկան օլիմպիականներին: Հայ մարզական շարժումը վերջին տասնամյակում սկսել է աշխուժանալ Կալիֆոռնիայի նահանգում: Աչքի են ընկնում ՀՄԸՄ–ի ֆուտբոլի խմբերը, 1976–ից ՀՄԸՄ–ը սկսել է կազմակերպել ամենամյա մայիսյան Փառատոներ (օլիմպիական խաղերի սկզբունքով): Բոստոնի, Ֆիլաղելֆիայի և Նյու Յորքի մասնաճյուղերը հանդես են գալիս առանձին: «Հա յերիտասարդաց ընկերակցության» (ՀԵԸ–«Հոեչըթ») գործունեությունն սկսվել է 1931–ից: 1933-ին հսկողությունը հանձնվել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությանը: ՀԵԸ մասնաճյուղեր է ստեղծել Հալեպում (1932), Դամասկոսում (1938), Տրիպոլիում (1938): Հսլեպի ՀԵԸ հայտնի է «Ջահ» անվանումով: Լիբանանում 1940–ին հիմնվել է ՀԵԸ–Ի Հայ համալսարանական ուսանողաց միությունը, որը կարևոր դեր է կատարում սփյուռքի ազգային, մշակութային և մարզական կյանքում: ՀԵԸ–ն ունի բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի, հեծանվավազքի և թեթև աթլետիկայի խմբեր: ՀԵԸ Մերձավոր Արևելքում 1938–58–ին կազմակերպել է նավասարդյան խաղերի տոնախմբություններ` անվանի մարզիչ Հակոբ Աճեմյանի ղեկավարությամբ: Խաղերի բացումն ու ավարտն ընթանում են միջազգային օլիմպիական խաղերի կարգ ու կանոնին համապատասխան: Նավասարդյան խաղերը, որոնք լուսաբանվել են «Զարթոնք սփոր» ամսագրում, հարատևել են մինչև 70 ական թթ.: 1944–ի աշնանը Բեյրութում զորավար Հովհաննես Բաղրամյանի անունով ստեղծվել է «Բաղրամյան» մարզական միությունը (հիմնականում ֆուտբոլի խումբ), որը 1945–46–ին նվաճել է Բեյրութի քաղաքապետարանի, Լիբանանի առաջնության, «Էդմոն Ռպեյզի» անվան և այլ գավաթներ: 1947–ին, «Բաղրամյան»–ի ֆուտբոլիստների հայրենադարձությունից հետո, միության բասկետբոլի և հեծանվի խմբերը ձուլվում են ՀԵԸ–ի մեջ: 1950–ից սկսած կապեր են հաստատվում Հայաստանի և սփյուռքի մարզական կազմակերպությունների միջև: Կազմակերպվում են տարբեր մարզաձևերի ընկերական և միջազգային հանդիպումներ, հիշարժան տարեթվերի տոնակատարություններ:
Գրկ. Հ. Մ. Ը. Մ քսանամյա հուշարձան 1918–1938, Փարիզ, 1939: Հուշամատյան Հ. Մ . Ը . Մ–ի քառասնամյակին. 1918–1958, Բեյրութ,198: ՀՄՄ–ալպոմ, 1959 – 1960, Բեյրութ ա. թ: Դափնեպսակ, Ալպոմ–մատյան Հայ երիտասարդաց ընկերակցության երեսնամյակին. 191 –1961, Բեյրութ, 1964: Հ. Մուշոյան
