ՀՍՀ/ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐ
ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐ, աշխատանքային շաբաթվա վերջում բանվորներին և ծառայողներին տրվող ոչ աշխատանքային օրեր: ՍՍՀՄ–ում հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում բանվորներին ու ծառայողներին տրվում է երկու հանգստյան օր (հիմնականում շաբաթ և կիրակի օրերին), վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում` մեկ օր (հիմնականում կիրակի օրը): Շաբաթվա Հ. օ–ի տևողությունը չի կարող 42 ժամից պակաս լինել: Այն ձեռնարկություններում, որտեղ բնակչությանն անընդմեջ սպասարկելու պատճառով աշխատանքի ընդհատումն անհնար է, բանվորներին և ծառայողներին Հ. օ. տրամադրվում են հերթականությամբ` ըստ գրաֆիկի: Եթե հանգստյան օրը համընկնում է տոն օրերին, այլ հանգստյան օր չի տրամադրվում: Հ. օ–երին բանվոր–ծառայողների աշխատանքը արհմիության համաձայնությամբ թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` հասարակական կամ տարերային աղետի, արտադրական վթարը կանխելու կամ վերացնելու, դրա հետևանքները վերացնելու, դժբախտ դեպքերի, պետ. կամ հանրային գույքի ոչնչացումը կանխելու, չնախատեսված անհետաձգելի աշխատանքների կապակցությամբ: Հ. օ–ին արգելվում է աշխատանքի ներգրավել հղի կանանց, կրծքով կերակրող մայրերին, մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կանանց: Հաշմանդամների աշխատանքը թույլատրվում է իրենց համաձայնությամբ: Հ. օ–ին աշխատած անձանց առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հատկացվում է այլ հանգստյան օր: Եթե այդ հնարավորությունը բացառվում է, աշխատողը վարձատրվում է կրկնակի: Արգելվում է Հ. օ–ին կատարած աշխատանքը փոխհատուցել արձակուրդի երկարացմամբ կամ հանգստյան օրերի գումարմամբ, ինչպես նաև վերացնել կամ փոխադրել ողջ կոլեկտիվի հանգստյան օրը:
Ի. Սիմոնյան
