ՀՍՀ/ՀԱՆԴԵՍ
ՀԱՆԴԵՍ, տպագիր պարբերական հրատարակություն: Մասսայական ինֆորմացիայի և պրոպագանդայի միջոցներից, որը կողմնորոշում է հասարակական կարծիքը, ձևավորում այն որոշակի դասակարգի, քաղ. կուսակցության կամ կազմակերպության շահերին համապատասխան: Լինում են.
1. ըստ պարբերականության` շաբաթական, տասնօրյա, երկշաբաթական, ամսական, երկամսյա, եռամսյա և կիսամյա:
2. Ըստ բովանդակության` հասարակական–քաղաքական, գրական–գեղարվեստական, արտադրական–տեխնիկական, գիտաճյուղային, գիտամատչելի, գիտատեղեկատու, ռեֆերատիվ, մատենագիտական, սատիրական, մարզական, բազմաբնույթ:
3. Նախատեսված որոշակի կատեգորիայի ընթերցողների համար (մանկական, պատանեկան, կանանց ևն): Նյութերի ժանրերն ու ձևերը համապատասխանում են Հ–ների բովանդակությանն ու ընթերցողական շրջանակներին: Այսպես, հասարակական–քաղաքական և գրական–գեղարվեստական Հ–ներին յուրահատուկ են տեղեկատու, հրապարակախոսական, գեղարվեստական ժանրերը: Գիտական Հ–ներին բնորոշ են ծավալուն հոդվածները, ռեֆերատները, մատենագիտական ծանոթությունները, ամփոփումները, գիտական կյանքի խրոնիկան: Ժամանակակից Հ–ներում մեծ տեղ են գրավում զվարճալի, ճանաչողական և կիրառական բնույթի նյութերը, պատկերազարդումներն ու գեղանկարչական գործերի, ծաղրանկարների, ֆոտոէտյուդների, ֆոտոմոնտաժների վերատպությունները: Հրատարակության չափսերի և ձևավորման ընտրությունը նույնպես պայմանավորված է պարբերականի բովանդակությամբ և ընթերցողական նպատակամղվածությամբ: Մասսայական Հ–ներին բնորոշ են խոշոր չափսերը, արտաքին ցայտունությունն ու արտահայտչականությունը, գունավոր ու սև–սպիտակ պատկերների առկայությունը, տարբեր տառատեսակների գործածումը: Պատմական տեղեկանք. Հ–ի նախատիպն է համարվում 1665–ին Ֆրանսիայում լույս տեսած «Ժուռնալ դե Սավան»–ը («Journal des savans»): Նույն տարիներին Հ–ներ էն սկսում հրատարակվել Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Հունգարիայում, Իսպանիայում: Ռուս. առաջին Հ. «Սանկտ–Պետերբուրգսկիե վեդոմոստի» («Санкт–Петербургские ведомости») թերթի «Մեսյաչնիե իստորիչեսկիե, գենեալոգիչեսկիե ի գեոգրաֆիչնսկիե պրիմեչանիյա վ վեդոմոստյախ» («Месячные исторические генеалогические и географические примечания в Ведомостях») հավելվածն է (1728–ին): Հ–ների հրատարակության գործը հատկապես զարգացում ապրեց XIX դ. 2–րդ կեսին: XX դ. սկզբներին արդեն որոշակիորեն ուրվագծվեցին Հ–ների հիմնական տիպերը: Կապիտալիզմի սոցիալական հակասությունների խորացման, պրոլետարիատի քաղ. գիտակցականության ու կազմակերպվածության աճի և գիտական սոցիալիզմի գաղափարների տարածման համեմատ, երևան եկան հեղափոխ. պրոլետարական դիրքերում կանգնած Հ–ներ, որոնց նախակերպարն են Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի հրատարակած «Դոյչ–Ֆրանցոզիշե Ցարբյուխեր»–ը («Deutsch–Franz sische Jahrb cher»), «Նոյե Ռայնիշե ցայտունդ. Պօլիտիշ–Էկոնոմիշե ռեվյու»–ն («Neue Rheinische Zeilmng. Politisch–konomische Revue»): XIX դ. 2–րդ կեսին 1–ին ու 2–րդ Ինտերնացիոնալների հետ կապված և մարքսիստական դիրքորոշում ունեցող Հ–ներ են` «Քոմըոնուելթ» («The Commonwealth», 1866–67, Մեծ Բ p իտանի ш), «Դեմոկրատիշես Վոխենբլատտ» («Demokratisches Wochenblatt», 1868–69), «Ֆոլկսշտատ» («Der Volksstaab», 1869– 1876), «Նոյե ցայտ» («Die Neue Zeit», 1883–1923, Գերմանիա), «Ռեվյու սոսիալիստ» («La Revue Socialiste», 1885–1914, Ֆրանսիա): Հանդեսը ՍՍՀՄ–ում: Սովետական ժուռնալիստիկան շարունակում է հեղափոխական դեմոկրատիայի և բոլշևիկյան մամուլի ավանդույթները: 1917–ի նոյեմբերի 10–ի մամուլի մասին դեկրետով փակվեցին սովետական իշխանության դեմ հանդես եկող պարբերականները: 1919–ին լույս տեսան «Կոմունիստիչեսկի ինտերնացիոնալ» («Коммунистический интернационал»), «ՌԿ(բ)Կ ԿԿ տեղեկագրեր» Известия ЦКРК(б)П»Հ–ների ա r աջին համարները, 1920–ին` «Վեստնիկ ագիտացիի ի պրոպագանդի»–ին («Вестник агитации и пропаганды»): Ստեղծվեցին մի շարք գրական–գեղարվեստական Հ–ներ. «Վեստնիկ ժիզնի» («Вестник жизни», 1918–19), «Տվորչետովո» («Творчество», 1918–21) ևն: Սովետական իշխանության առաջին տարիներին մեծ տարածում գտան Պրոլետկուլտի (Պրոլետարական կուլտուրա), «Գորն» («Горн», 1918––23), «Գրյադուշչեե» («Грядущее», 1918–21) ևն հրատարակություններ: Քաղաքացիական պատերազմի ավարտն ու անցումը խաղաղ շինարարության պայմաններ ապահովեցին սովետական ժուռնալիստիկայի զարգացման համար: Ստեղծվեցին տեսական և հասարակական–քաղաքական հանդեսներ. «Պոդ զնամենեմ մարկսիզմա» («Под знаменем марксизма», 1922–44), «Կրասնայա պեչատ» («Красная печать», 1921–28), «ժուռնալիստ» («Журналист», 1922–33): 1924–ից հրատարակվում է ՍՄԿԿ ԿԿ «Բոլշևիկ» («Большевик», 1952–ից` «Կոմունիստ») Հ.: Երևան են գալիս գրական–գեղարվեստական, հասարակական–քաղաքական ծավալուն հրատարակություններ, «Կրասնայա նով» («Красная новь», 1921–42), «Մոլոդայա գվարդիա» («Молодая гвардия», 1922–41 և 1956–ից), «Զվեզդա» («Звезда»), «Օկտյաբր» («Октябрь») (երկուսն էլ` 1924–ից), «Նովի միր» («Новый мир», 1925–ից) ևն: Սկսեցին հրատարակվել փոքրածավալ պատկերազարդ Հ–ներ. «Օգոնյոկ» («Огонек», 1923–ից), «Պրոժեկտոր» («Прожектор», 1923–35) ևն: Երեխաների համար ստեղծվում են «Մուրզիլկա» («Мурзилка»), «Պիոներ» («Пионер») (երկուսն էլ` 1924–ից) պարբերականները: 20–ական թվականների գրական–գեղարվեստական Հ–ներում արտացոլված է սովետական գրականության ձևավորման ընթացքը: Գրողները հիմնականում համախմբված էին «Նա պոստու» («На посту»), «Լեֆ» («Леф») (երկուսն էլ 1923–25), «Կրասնայա նով» («Красная новь») Հ–ների շուրջը: 30–ական թվականներին Հ–ների լայն ցանց ստեղծվեց միութենական և ինքնավար հանրապետություններում: 1937–ին ՍՍՀՄ ժողովուրդների լեզուներով (բացի ռուսերենից) լույս էին տեսնում կուսակցական, հասարակական–քաղաքական, գրական–գեղարվեստական, գիտաճյուղային ևն շուրջ 400 Հ–ներ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին լայն տարածում ստացան «Կրասնոարմեեց» («Красноармеец»), «Կրասնոֆլոտեց» («Краснофлотец»), «Ֆրոնտովայա իլլյուստրացիա»(«Фронтовая иллюстрация») և այլ զինվորական Հ–ներ: Ետպատերազմյան տարիներին առաջացան նոր Հ–ներ. «Ագիտատոր» («Агитатор», 1956–ից), 1957–ից` «Պոլիտիչեսկոյե սամոօբրազովանիե» («Политическое самообразование»), «Վոպրոսի իստորիի ԿՊՍՍ» («Вопросы истории КПСС»), «Սովետսկիե պրոֆսոյուզի» («Советские профсоюзы») ևն: Առանձնապես արագ է աճում գիտական և արտադրական Հ–ների թիվը: Հանդեսն արտասահմանում. ներկայումս արտասահմանում լույս են տեսնում բազմաթիվ ու բազմազան Հ–ներ: Սոցիալիստական երկրներում Հ–ները ծառայում են նոր հասարակարգի կառուցմանը և կարևոր միջոց են աշխատավորության քաղ. և կուլտուրական դաստիարակության գործում: Միջազգային կոմունիստական մամուլի համակարգում առաջատար տեղ են գրավում «Նովո վրեմե» («Ново време») (Բուլղարիա), «Այնհայթ» («Einheit») (ԳԴՀ), «Նովե դրոգի» («Nowe drogi») (Լեհաստան), «Կուբա սոսիալիստա» («Cuba Socialista») (Կուբա), «Կիննոջա» (ԿԺԴՀ), «Սոցիյալիզամ» (Հարավսլավիա), «Տարշադամլի սեմլե» («Таршадальми сем ле») (Հունգարիա), «Նամն ամդրալ» (Մոնղոլիա), «Նովա միսլ» («Nova Mysl») (Չեխոսլովակիա), «Լուպտա դե կլասէ» («Lupta de clas») (Ռումինիա) տեսական հանդեսները: Սոցիալիստական երկրներում հրատարակվում են նաև բազմաթիվ հասարակական–քաղաքական, գրական–գեղարվեստական, կանանց, երիտասարդական, մանկական, մատենագիտական, մարզական, գիտատեխնիկական ևն Հ–ներ: Կապիտալիստական երկրներում Հ–ները տնտ. և քաղ. կախման մեջ են խոշորագույն մոնոպոլիաներից: Հ–ների հրատարակության գործը առավել զարգացած է ԱՄՆ–ում, որտեղ, ինչպես և այլ կապիտալիստական երկրներում, գերակշռում են պատկերազարդ «ընդհանուր հետաքրքրության» («general interest») Հ–ները` թեմատիկայի բազմակողմանիությամբ, ընթերցողական ամենալայն շրջանակի ընդգրկվածությամբ և տարբերակված մոտեցմամբ (կանայք, երեխաներ, սպորտասերներ ևն): Այս տիպի Հ–ներում զգալի տեղ են գրավում ֆոտոթղթակցություններն ու ֆոտոփաստաթղթերը, զվարճալի և կիրառական բնույթի նյութերը: Կապիտալիստական երկրների կոմունիստական և բանվորական կուսակցությունների Հ–ները պրոպագանդում են գիտական սոցիալիզմի գաղափարները: Արտասահմանյան կոմունիստական կուսակցությունների առաջատար Հ–ներից են «Ռինաշիտա»–ն («Rinascita») (Իտալիա), «Կայե դյու կոմյունիսմ»–ը («Cahiers du communisme») (Ֆրանսիա), «Փոլիթիքըլ ըֆֆեարս»–ը («Political Affairs») (ԱՄՆ) ևն: Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրներում հանդեսատիպ հրատարակությունների ստեղծումը հանդիպում է նեոգաղութարարների, պրոիմպերիալիստական տարրերի դիմադրությանը: Այդուհանդերձ, անկախության և զարգացման ոչ կապիտալիստական ուղի ընտրած երկրներում ուժեղանում է Հ–ների, որպես ժողովրդական զանգվածների լուսավորման ու դաստիարակման գործիքի, դերը: Մարքսիստական–լենինյան գաղափարները պրոպագանդում են. «Փարթի լայֆ» («Party Life») (Հնդկաստան), «Նուէվա էպոկա» («La Nueva Epoca») (Մեքսիկա), «Պրինսիպիոս» («Principios») (Վենեսուելա) ևն Հ–ներ: Կոմունիստական և բանվորական կուսակցությունների` 1958–ից լույս տեսնող (24 լեզվով) «Պրոբլեմի միրա ի սոցիալիզմա» («Проблемы мира и социализма») Հ. լուսաբանում է միջազգային կոմունիստական շարժման պատմության, տեսության և գործնական հարցեր: Խաղաղության և առաջադիմության համար պայքարում նշանակալի դեր են կատարում նաև միջազգային կազմակերպությունների և ասոցիացիաների հրատարակած Հ–ները. «Վսեմիրնոյե պրոֆսոյուզնոյե դվիժենիե» («Всемирное профсоюзное движение»), «Կուրյեր ՅՈՒՆԵՍԿՕ» («Курьер ЮНЕСКО»), «Դեմոկրատիչեսկի ժուռնալիստ» («Демократический журналист»), «Ժենշչինի միրա» («Женщины мира») ևն: Հայկական հանդեսը. հայ պարբերական մամուլի պատմությունն սկսվում է հանդեսների հրատարակությամբ: Քաղ. ու պատմական աննպաստ պայմանների բերումով հայկ. Հ–ները լույս են տեսել Հայաստանի սահմաններից դուրս` Հնդկաստանում, Իտալիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, Իրանում, Լիբանանում և այլուր: Տարբեր բովանդակության ու պարբերականության այս Հ–ները անգնահատելի դեր կատարեցին ազգային վերածնության, լուսավորության, ազատագրական պայքարի, հայկ. պետականության ստեղծման ճանապարհին: Հայ իրականության մեջ դժվար է գերագնահատել Մադրասում (Հնդկաստան) հրատարակված «Ազդարար»–ի (1794–96) դերը, որով և սկզբնավորվում է հայ մամուլը: Հայ մշակույթի պատմության կերտման, հայագիտական մտքի զարգացման, հայոց աշխարհաբար լեզվի ու հայ նոր գրականության կազմավորման, նոր սերնդի դաստիարակման ասպարեզներում կարևոր ավանդ ունեն «Բազմավեպ»–ը (1843–ից, Վենետիկ), «Մեղու»–ն (1856–74–ին, ԿՊ), «Հյուսիսափայլ»–ը (1858–64–ին, Մոսկվա), «Արարատ»–ը (1868–1919–ին, Վաղ–պատ), «Սիոն»–ը (1866–ից, Երուսաղեմ), «Մասիս»–ը (1884– 1908–ին, ԿՊ), «Հանդես ամսօրյա»–ն (1887–ից, Վիեննա), «Անահիտ»–ը (1898–1949, ընդհատումներով, Փարիզ), «Գեղարվեստ» (1908– 21–ին, Թիֆլիս) ևն: Հայկ. ՍՍՀ–ի ստեղծումով հայ մշակույթի կենտրոնը դարձավ Երևանը, որտեղ և սկսեցին լույս տեսնել տարբեր բնույթի տասնյակ Հ–ներ: Իրենց գիտական ու գրական բարձր մակարդակով, գաղափարական–քաղ. հագեցվածությամբ Հայաստանի և սփյուռքի հարյուր հազարավոր հայ ընթերցողների մոտ մեծ համարում ունեն «Լենինյան ուղիով» (1922–ից), «Սովետական գրականություն» (1934–ից), «Պատմա–բանասիրական հանդես» (1958–ից), «Սովետական արվեստ» (1926–ից), «Գարուն» (1967–ից), «Պիոներ» (1923–ից), «Գրական Ադրբեջան» (1957–ից, Բաքու) Հ–ները: Սփյուռքում, հակառակ նյութական ու բարոյական դժվարություններին, հայ մամուլի հարյուրավոր օրգանների շարքում Հ–ները կատարում են հայապահպանման, սփյուռքահայությունը Սովետական Հայաստանի շուրջը համախմբելու, նոր սերնդին հայեցի դաստիարակություն տալու իրենց դժվարին դերն ու պարտականությունը: Դրանցից հարկ է նշել «Մենք»–ը (1931–32, Փարիզ), «Անի»–ն (1946–56–ին, Բեյրութ), «Նոր գիր»–ը (1936–54–ին, Ֆրեզնո), «Շիրակ»–ը (1956–ից, Բեյրութ), «Մխիթարյան ընտանիք»–ը (1947–ից, Վենետիկ), «Հայկազյան հայագիտական հանդես»–ը (1970–ից, Բեյրութ) ևն:
