Jump to content

ՀՍՀ/ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ, պլաստիկ արվեստների (ճարտարապետություն, կերպարվեստ և դեկորատիվ–կիրառական արվեստ), տեսության և պատմության, պրակտիկայի, նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների մասին համակարգված տեղեկություններ պարունակող գիտա–տեղեկատու հրատարակություն: Արվեստի հանրագիտարաններին նախորդել են անտիկ և միջին դարերի հուշարձանների նկարագրումը, ճարտարապետների և կերպարվեստագետների տրակտատները: Սակայն արվեստի տեղեկատու գրականություն սկսել է հրատարակվել XVI –XVIII դդ.` արվեստագիտության կազմավորումով: XVI դ. իտալացի Վազարին և նիդերլանդացի Կ. վան Մանդերը սկզբնավորեցին «վարքագրության» ժանրը` XVIII դարից սկիզբ առած կենսագրական բառարանների նախատիպը: XVII – XVIII դդ. հրատարակվել են տերմինաբանական բառարաններ: XlX դ. լույս են տեսել Գ. Կ. Նագլերի, Մյուլլեր–Զինգերի և Մայերի (Գերմանիա) կենսագրական հայտնի բառարանները ևն: XIX դ. 2–րդ կեսին և XX դ. սկզբին Ռուսաստանում լույս են տեսել արվեստաբանական բառարաններ, որոնց մի մասը չի կորցրել գիտական արժեքը (Բուլգակով Ֆ. Ի., «Գեղարվեստի հանրագիտարան», հ. 1–2, 1886–87): Բուն իմաստով գեղարվեստի հանրագիտարանները լույս են տեսնում XVIII դ. Պ. Ձանի, «Քննադատորեն հիմնավորված գեղարվեստի մեթոդական հանրագիտարան» (Zani P., Enciclopedia metodica critico–ragionata delle belle arti, v. 1–8, Parma, 1794) Առավել ընդարձակ ու բազմակողմանի է «Համաշխարհային արվեստի հանրագիտարանը» (Enciclopedia of world art, v. 1–15, N. Y.–Toronto–L., 1959–68, իտալ. հրտ. Enciclopedia universale dell arte, v. 1–15, Venezia–Roma, 1958–67), որը լույս է տեսել բազմաթիվ երկրների` այդ թվում նաև ՍՍՀՄ գիտնականների մասնակցությամբ: Մովետական հանրահայտ արվեստաբանական տեղեկատու ռուսերեն հրատարակություններ են` «Կերպարվեստի տերմինների համառոտ բառարան»–ը, 1959, «Երկրների և աշխարհի ժողովուրդների արվեստ»–ը, 5 հատորով (լույս են տեսել 1–4 հատորները, 1962–78–ին) և «ՍՍՀՄ ժողովուրդների նկարիչներ» կենսագրական–մատենագիտական բառարանը` 6 հատորով (լույս են տեսել 1–3 հատորները, 1970– 1976):