ՀՍՀ/ՀԱՆՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ, նշանների համակարգ, որը նպատակ ունի նպաստելու տարբեր լեզուներով խոսող մարդկանց գրավոր հաղորդակցմանը: Հ–ները նախատեսված են միջազգային գրագրության համար և քանի որ հնչյունական համակարգեր չեն, տարբեր լեզուներով խոսող մարդիկ դրանք կարող են կարդալ յուրաքանչյուրն իր լեզվով: Հ–յան առաջին փորձը կատարել է Ի. Մեմիոն, 1779–ին, հայ իրականության մեջ` Ա. Տիրոյանը, 1907–ին: Հ–ների թիվը այժմ հասնում է մոտ 100–ի, որոնց մի մասը ստեղծվել է XX դ. (Ա. Էկկարդ, «Սաֆո», 1931, Կ. Օբերմայեր, «Հանրագրություն», 1955, Կ. Ցանսոն, «Պիկտո», 1957, Ժ. Էֆել, «Հանրագրության նախագիծ», 1968 ևն): Հ–ի համակարգերը բաժանվում են երկու խմբի` ապրիորի և ապոստերիորի: Ապրիորի համակարգերին բնորոշ է բառերի բաժանումը դասերի և ենթադասերի: Օրինակ, Ջ. Դալկառնոյի Հ–յան (1661, Լոնդոն) մեջ К (քաղ. երևույթներ) դասը բաժանվում է Ка (ծառայողական երևույթներ), Ке (դատարանին վերաբերող գործեր), Ku (պատերազմ) և այլ ենթադասերի: Հ–յան ապոստերիորի համակարգերը ներառնում են այնպիսի հասկացություններ, որոնք ընդունված են մեկ կամ մի քանի լեզուներում: Հասկացությունը կապված չէ դասակարգման հետ. թվանշանները, տառերը, սիմվոլները գործածվում են որպես գաղափարագրեր:
Խ. Կարադելյան
