ՀՍՀ/ՀԱՆՐԱԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (սոցիո–լինգվիստիկա), միջճյուղային գիտակարգ, որն զբաղվում է լեզվի հասարակական բնույթի, նրա հասարակական գործառության, լեզվի մեջ հասարակական երևույթների արտացոլման, լեզվականի և հասարակականի փոխազդեցության խնդիրներով: Ուսումնասիրում է լեզվաքաղաքականության, լեզվաշինության, լեզվական շփումների, ազգի և ազգային լեզվի, երկլեզվության և բազմալեզվության, լեզվի ու լեզվավիճակի և խոսքի ու խոսքային իրադրության փոխհարաբերության, լեզուների ու լեզվավիճակների տիպաբանության հարցերը: Օգտագործում է լեզվաբանության, հասարակագիտության, ազգագրության, հոգեբանության և այլ բնագավառներին հատուկ մի շարք մեթոդներ: Հ. զարգացել է XX դ. 50–70–ական թթ.: Մինչ այդ Հ–ի մի շարք խնդիրներով զբաղվել են սովետական լեզվաբաններ Վ. Ժիրմունսկին, Բ. Լարինը, Լ. Յակուբինսկին, Ե. Պոլիվանովը, Պրագայի գործառական լեզվաբանության դպրոցը, ֆրանս. սոցիոլոգիական դպրոցը: Հ. առավել զարգացման է հասել ԱՄՆ–ում (Գ. Հայմս, Ջ. Գամպերց, Ու. Լաբով, Ու. Բրայթ, Չ. Ֆերգյուսոն, Ս. Էրվին–Թրիփ, Զ. Ֆիշման, Ռ. Շայ): Սովետական Հ. (Ա. Շվեյցեր, Յու. Դեշերիև, Գ. Ստեպանով և ուրիշներ) հիմնված է մարքսիստական գաղափարախոսության վրա:
Գրկ. Հանրալեզվաբանական, հոգելեզվաբանական և համեմատալեզվաբանական հետազոտություններ, ժող. Ե., 1979: Հ. Զաքարյան
