ՀՍՀ/ՀԱՆՐԱՔՎԵ
ՀԱՆՐԱՔՎԵ, պլեբիսցիտ (plebiscitum, plebs – հասարակ ժողովուրդ և scitum – որոշում),
1. Հին Հռոմում պլեբեյների ժողովի ընդունած որոշումը (մ. թ. ա. V դ. սկզբից): Հ. սենատը չէր հաստատում և սկզբում պարտադիր էր միայն պլեբեյների համար: Վալերիոսի, Հորացիոսի (մ. թ. ա. 449), Հորտենզիոսի (մ. թ. ա. 287) և Պուբլիոսի (մ. թ. ա. 339) օրենքներից հետո համապարտադիր որոշում էր: Մ. թ. ա. III դ. սկսած Հ. հասկացությանը փոխարինել է օրենքը (lex):
2. Ժողովրդական քվեարկության ձև: Որպես կանոն անցկացնում է պետությունը` սահմաններին բռնի միացրած օտար տերիտորիայում` ցույց տալու համար, թե արտահայտում է տվյալ ժողովրդի կամքը: ՍՍՀՄ սահմանադրությունը և միութենական հանրապետությունների սահմանադրությունները նախատեսում են անհրաժեշտության դեպքում անցկացնել Հ.` համաժողովրդական հարցման ձևով:
