Jump to content

ՀՍՀ/ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ, էքստրադիցիա, միջազգային իրավունքում որևէ պետությունում գտնվող քրեական պատասխանատվության ենթակա անձի հանձնումը այն պետությանը, որի տերիտորիայում նա կատարել է հանցագործություն, կամ որի քաղաքացին է: Հ. հ. կատարվում է պետությունների միջև կնքված համաձայնագրերի համաձայն: Հ. հ–ման սկզբունքը ամրապնդվում է նաև ներպետական օրենքներով: Հ. հ–ման պահանջը ենթակա է բավարարման, եթե կատարված հանցագործությունը նախատեսված է համաձայնագրով և պատժելի է ոչ միայն պահանջող, այլև այն պետության օրենսդրությամբ, որին պահանջ է ներկայացված: Վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարում համագործակցելու նպատակով, առանձին դեպքերում, ստեղծվում են միջազգային մարմիններ, կամ կնքվում են հանցագործների հանձնման միջազգային համաձայնագրեր, օտարերկրյա դրոշմանիշների կեղծումն ու իրացումը կանխելու վերաբերյալ Ժնևի միջազգային համաձայնագիրը (1929), միջազգային քրեական ոստիկանությունը` «Ինտերպոլ» (1923), երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործների հանձնման մասին միջազգային համաձայնագրերը: Քաղ. հանցագործությունների համար հետապնդվողները, որպես կանոն, օգտվում են քաղաքական ապաստանի իրավունքից: