Jump to content

ՀՍՀ/ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ, ըստ սովետական քրեական իրավունքի հանցավոր արարք, որով խախտվում է քաղաքացիների անձնական սեփականության իրավունքը: Հանցագործության այս խումբը (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 143– 1501) բաժանվում է առանձին ենթախմբերի: Առաջին ենթախմբի հանցագործությունները (գողություն, կողոպուտ, ավազակություն, խարդախություն, շորթում) կատարվում են քաղաքացիների գույքին տիրանալու նպատակով: Երկրորդ խմբի հանցագործությունների մեջ են մտնում անձնական գույքի դիտավորյալ (անզգույշ) ոչնչացումը կամ վնասումը: Առանձին ենթախումբ են կազմում սոցիալիստական կազմակերպություններ չհանդիսացող միավորումների (արտասահմանյան ներկայացուցիչներ, եկեղեցիներ ևն) սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Քաղաքացիների անձնական սեփականության դեմ ուղղված հանցագործությունների համար, հաշվի առնելով դրսևորման եղանակը, տեսակը, անձի կամ արարքի վտանգավորությունը, տարբեր պատիժներ են սահմանվում` ուղղիչ աշխատանքներից մինչև ազատազրկում` 10–15 տարի ժամկետով: Այդ խմբի առավել վտանգավոր հանցագործությունների համար (գողություն, կողոպուտ, ավազակություն, ծանր հետևանք առաջացրած գույքի դիտավորյալ ոչնչացում, վնասում) պատիժ սահմանվում է 14 տարեկանից:

Ա. Թովմասյան