ՀՍՀ/ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ, ըստ սովետական քրեական իրավունքի, հանցագործություններ, որոնցով խախտվում է հասարակական անդորրը, անձանց առողջությունն ու անվտանգությունը, սոցիալիստական և անձնական գույքի ամբողջությունը, ինչպես նաև քաղաքացիների աշխատանքի, կենցաղի, հանգստի, պետ. և հասարակական հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների գործունեության նորմալ պայմանները: Սովետական քրեական օրենսդրությամբ (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 222–244) հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները բաժանվում են 3 խմբի`
1. հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ (խուլիգանություն, սպանության, ծանր մարմնական ևն վնասվածքներ հասցնելու կամ գույքի ոչնչացման սպառնալիք, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի գնելը կամ վաճառելը ևն),
2. հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ (ապօրինի զենք կամ պայթուցիկ նյութեր կրելը, պահելը, պատրաստելը, ձեռք բերելը կամ վաճառելը, հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը ևն): ՌՍՖՍՀ քրեական օրենսգիրքը այդ ենթախմբի մեջ է նախատեսել նաև տրանսպորտային հանցագործությունները (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 173–181):
3. Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ (ապօրինաբար բժշկությամբ զբաղվելը, ջրամբարները, օդը և հողը կեղտոտելը ևն):
