Jump to content

ՀՍՀ/ՀԱՆՔԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆՔԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ, ապարի քայքայման, բարձման ու տեղափոխման, ամրակապի կառուցման և հանքային այլ պրոցեսների կատարման համար անհրաժեշտ մեքենաներ: Հ. մ. ստորաբաժանվում են չորս հիմնական խմբերի` հանույթային, բարձող–տեղափոխող, ամրակապի տեղադրման և լցանյութի լցավորման: Հ. մ. լինում են` հորատման, ներհատման, հարվածապոկման և ջրաշիթային: Ամուր ապարը զանգվածից պոկում և քայքայում են հորատապայթեցման աշխատանքներով` օգտագործելով հորատման բազմազան մեքենաներ, իսկ համեմատաբար թույլ ապարը` ներհատման, հարվածապոկման, ջրաշիթային մեքենաներով: Քայքայված ապարը վագոնների և մեքենաների թափքերին կամ կոնվեյերներին բարձում են ընդհատ կամ անընդհատ գործողության մեքենաներով: Ընդհատ գործողության բարձի մեքենաներն ունեն 0,2 մ³–ից (ստորգետնյա պայմաններում աշխատող) մինչև 125 մ³ (բացահանքերում աշխատող) տարողության շերեփներ: Բացահանքերում կիրառում են ռոտորային և շղթայական բազմաշերեփ էքսկավատորներ, համալիրներ ևն: Հզոր ռոտորային էքսկավատորի շերեփման բարձրությունը 55 մ է, խորությունը` 25 մ, ռոտորի տրամագիծը` 18 մ, արտադրողականությունը` մինչև 100000 մ³ օր, զանգվածը` 5600 տ, շարժիչների ընդհանուր հզորությունը` 14500 կվտ: Նույն կարգի բնութագրեր ունի նաև շղթայական բազմաշերեփ էքսկավատորը: Համեմատաբար ոչ կարծր օգտակար հանածոն կամ դատարկ ապարը զանգվածից անջատելու և դրանք տեղափոխման միջոցներին բարձելու գործողությունները միաժամանակ կատարում են հանքային կոմբայնները: Դրանք դասակարգվում են մաքրման (մաքրման փորվածքներում զանգվածից պոկում և տեղափոխում են օգտակար հանածոները), անցումային (փորվածքներ անցկացնող) և կտրման (մաքրման հանքախորշը նախապատրաստող) կոմբայնների: Ամրակապի տեղադրման մեքենաները լայնորեն օգտագործվում են ածխի հանքահորերում` մեքենայացված շարժական ամրակապի տեսքով, ինչպես նաև լայնական մեծ մակերեսով թունելներ անցկացնելիս չուգունե կամ երկաթբետոնե տյուբինգները (ամրակապի սեգմենտաձև մասեր) տեղադրելու համար: Լցավորման մեքենաների միջոցով արտադրության թափոններով կամ այլ նյութերով լցնում են օգտակար հանածոների արդյունահանման հետևանքով առաջացած ստորգետնյա այն դատարկ տարածությունները, որոնք կարող են առաջ բերել փլուզումներ:

Գրկ. Подэрни Р.Ю., Горные машины и комплексы для открытых работ, М., 1971 Сафохин М.С., Конструкции горных машин и комплексов для подземных горных работ, М., 1972.

Գ. Խաչատրյան, Է. Փափազյան