ՀՍՀ/ՀԱՆՔԱՅԻՆ ՆԵՐԿԵՐ
ՀԱՆՔԱՅԻՆ ՆԵՐԿԵՐ, բնական պիգմենտներ, գունավոր կավեր, օքսիդացած երկաթային հանքաքարեր, պիրոլյուզիտ, ազուրիտ, մալաքիտ, լազուրիտ, կինովար, բազմերանգ տուֆեր, թերթաքարեր, բարիտ և այլ ապարներ ու միներալներ, որոնք օժտված են ներկող հատկությամբ: Ըստ ծագման առանձնացվում են հետևյալ հանքավայրերը` բուստալճակա–ծովային, դելյուվիալ–էլյուվիալ, ալյուվիալ, լճա–ճահճային և երակային: Կախված միներալային հատկանիշներից, քիմ. բաղադրությունից և տեխնոլոգիական հատկություններից` տարբերում են Հ. ն–ի հետևյալ տիպերը, երկաթ–օքսիդային և մանգան–երկաթ–օքսիդային (վառ կարմիր մումիա, շագանակագույն սիենա, մուգ կարմիր երկաթային սուսր, կավային (դեղին օխրա, սպիտակ կավ), կարբոնատային (սպիտակ կավիճ, սպիտակ դոլոմիտ), սուլֆատային (սպիտակ, անգույն կամ դեղին անհիդրիտ) ևն: Հ. ն. լույսի և մթնոլորտի ազդեցության նկատմամբ իրենց կայունությամբ գերազանցում են սինթետիկ ներկերին: Հ. ն–ի բնական ելքեր ՀՍՍՀ տարածքում հայտնի են վաղուց, դրանց մի մասը մշակվել է տեղական բնակչության կողմից և օգտագործվել գեղանկարչության մեջ (մ. թ. ա. VII դ., Էրեբունի) ու կենցաղում` որպես ներկող նյութեր: Հանքավայրերի գիտական հետազոտությունը սկսվել է միայն 1935–ից հետո: 1947–ին Երևանում հիմնադրվել է լաքերի և ներկերի գործարան, որն աշխատում է Արզականի (դեղին օխրա, կարմիր մատիտ) և ներկող տուֆերի (մումիա), Մեծավանի հանքավայրերի բազայի վրա: ՀՍՍՀ–ում հայտնաբերված և ուսումնասիրված են Հ. ն–ի նաև մի շարք այլ (Դիլիջանի խմբի, Թումանյանի, Եղեգնաձորի, Ագարակաձորի) հանքավայրեր:
