Jump to content

ՀՍՀ/ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, անօրգանական նյութեր, առավելապես աղեր, պարունակում են բույսերին անհրաժեշտ սննդատարրեր: Հ. պ. հողի ֆիզիկական, քիմ. և կենսաբանական հատկությունների և բույսերի սննդառության վրա ներգործող հզոր միջոցներ են: Հողում ենթարկվում են զանազան փոխարկումների և դառնում բույսերին մատչելի: Այս փոխարկումների բնույթը և ինտենսիվությունը կախված են հողի հատկություններից և Հ. պ–ի տեսակից: Հ. պ. հողը հարստացնում են սննդատարրերով, փոխում հողային լուծույթի ռեակցիան, ազդում հողի միկրոկենսաբանական պրոցեսների վրա ևն: Քանի որ բույսերի սննդառությունն իրագործվում է հիմնականում արմատներով, ապա Հ. պ, ակտիվորեն ազդում են բույսերի աճի և զարգացման, հետևապես դաշտի, մարգագետնի ևն ընդհանուր կենսբ. բերքատվության վրա: Գրեթե բոլոր Հ. պ. թողարկում է քիմ. արդյունաբերությունը, սահմանափակ քանակությամբ գյուղատնտեսության մեջ օգտագործվում են բնական աղերը, օրինակ` կալիումական, նատրիումական (չիլիական) բորակները, ինչպես նաև արդ. թափոնները: Ըստ ագրոնոմիական նշանակության լինում են ուղղակի և անուղղակի Հ. պ.: Ուղղակի Հ. պ. (պարունակում են բույսերի բնական սննդառության տարրերը` N, P, K, Mg, В, С u, Mn ևն) բաժանվում են միակողմանի և կոմպլեքսային ազդեցության: Առաջինները (ազոտական, ֆոսֆորական, կալիումական, միկրոպարարտանյութերը) պարունակում են մեկ, իսկ կոմպլեքսայինը (նիտրաֆոս, ամոֆոս, նիտրոֆոսկա ևն)` երկու և ավելի սննդատարր: Անուղղակի Հ. պ. կիրառվում են հողի ագրոքիմիական և ֆիզիկա–քիմիական հատկությունները բարելավելու և սննդատարրերն ակտիվացնելու նպատակով (կրային պարարտանյութեր, գիպս): Հ. պ. լինում են կոշտ (փոշենման ու հատիկավորված) և հեղուկ (ամոնիակաջուր, հեղուկ ամոնիակ, ամինիակատներ): Հողի լուծույթի ռեակցիայի վրա ունեցած ազդեցությանը համապատասխան, տարբերում են ֆիզիոլոգիապես թթու, հիմնային և չեզոք Հ. պ.: Արդ. Հ. պ–ի կիրառումն սկսվել է XIX դ.: Մինչ այդ օգտագործում էին հիմնականում գոմաղբ, մոխիր, ֆեկալներ, բնական տուկեր: XIX դ. առաջին կեսին որպես պարարտանյութ գործածվել է ոսկրալյուրը: 1840–ին գերմանացի քիմիկոս Յու. Լիբիխն առաջարկեց ոսկորները մշակել ծծմբական թթվով: Այդ պարարտանյութը սուպերֆոսֆատ անվանումով մեծ տարածում ստացավ տարբեր երկրներում: XIX դ. 30–ական թթ. սկսեցին օգտագործել բնական նատրիումական բորակը (մեծ պաշարներ գտնվեցին Չիլիում): Ջրածնից և մթնոլորտի ազոտից ամոնիակի սինթեզի արդ. յուրացումից հետո (1914–18) զարգացավ ազոտական պարարտանյութերի, XIX դ. 60–ական թթ.` կալիումական պարարտանյութերի արտադրությունը: ՍՍՀՄ–ում Հ. պ–ի արտադրությունն սկսվեց առաջին հնգամյակում: 1978–ին արտադրվել է 98 մլն տ Հ. պ.: ՀՍՍՀ–ում Հ. պ–ի արտադրությունն սկսվել է 1934–ից (Կիրովական): 1978–ին արտադրվել է 403 հզ. տ Հ. պ.: