Jump to content

ՀՍՀ/ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ, միներալային կուտակումներ երկրակեղևում, որոնք առաջացել են այս կամ այն երկրաբանական պրոցեսի հետևանքով: Հանքանյութի քանակի ու որակի տեսակետից շահագործման համար պիտանի Հ. անվանվում են արդյունաբերական: Առաջանում են տարբեր երկրաբանական` ներծին (մագմատոգեն), արտածին ու մետամորֆոգեն պրոցեսների ընթացքում և համապատասխանաբար միավորվում են երեք գենետիկ խմբերում: Ներծին կամ մագմատոգեն հանքավայրերն առաջանում են մագմատիկ հալոցքների հետ սերտ կապի մեջ: Անմիջականորեն մագմատիկ փուլում առաջանում են, այսպես կոչված, բուն մագմատիկ հանքավայրերը`

1. վաղ մագմատիկ կամ սեգրեգացիոն, ներկայացված հանքային միներալների ցանով կամ շլիրներով, որոնք բյուրեղանում են սիլիկատային մագմայի սառեցման փուլերում (քրոմիտ, պլատինի խմբի միներալներ, մագնետիտ, իլմենիտ, ալմաստ` հիմքային–ուլտրահիմքային մագմաներում, կամ ցիրկոն, մոնացիտ, լոպարիտ, ապատիտ` թթու և ալկալային մագմաներում),

2. ուշ մագմատիկ կամ հիստերոմագմատիկ, որպես մնացորդային հանքային մագմայի անջատումներ, որը սառչում է սիլիկատային հալոցքից ավելի ուշ (քրոմիտ, պլատինի խմբի միներալներ, մագնետիտ, ապատիտ, տիտանամագնետիտ), ներփակող սիլիկատային ապարներից կտրուկ սահմանազատված բների ու երականման մարմինների ձևով,

3. լիքվացիոն հանքավայրեր: Բուն մագմատիկ հանքավայրերը արդյունաբերական մեծ նշանակություն ունեն քրոմիտի, տիտանամագնետիտի, պլատինի խմբի միներալների, նիկելի, ալմաստի, ապատիտի ու լոպարիտի համար: Բուն մագմատիկ հանքավայրերից մի փոքր ավելի ուշ, գլխավորապես թթու և մասամբ ալկալային մագմաներում մնացորդային հալոցքի առանձնացման շնորհիվ, որը հարստացած է SiO₂–ով, Al2Օ₃–ով, ալկալիներով, ցնդող բաղադրամասերով ու հազվագյուտ մետաղներով, առաջանում են պեգմատիտային հանքավայրերը, որոնց հետ կապված են քվարցի, դաշտային սպաթների, փայլարի ու մի շարք հազվագյուտ մետաղների զգա l ի կուտակներ: Էլ ավելի ուշ, սառչող ու բյուրեղացող ինտրուզիվ զանգվածներից անջատվում են գերտաքացած գազա–ջրային լուծույթներ, որոնք իրենց հետ դուրս բերելով մետաղներ, առաջացնում են ետմագմատիկ հանքավայրեր: Վերջիններս բաժանվում են հետևյալ խմբերի`

1. էքսհալացիոն հանքավայրեր, առաջացած գազային միացություններից, որոնք կապված են հրաբխային գործունեության հետ (բնածին ծծումբ, բորի միներալներ, ինչպես նաև հեմատիտ),

2. սկառնային կամ կոնտակտա–մետասոմատիկ հանքավայրեր,

3. հիդրոթերմալ հանքավայրեր: Արտածին հանքավայրերն առաջանում են մթնոլորտային պրոցեսների ազդեցության տակ` մակերեսային ջրերի գործունեության, ապարների հողմահարման, հանքանյութերի քայքայման կամ օքսիդացման հետևանքով, հանքային նյութի տեղափոխման ու վերանստեցման ընթացքում: Արտածին հանքավայրերի մեջ առանձնացնում են երեք մեծ խմբեր`

1. հողմահարման հանքավայրեր,

2. նստվածքային հանքավայրեր,

3. ցրոնային հանքավայրեր (տես Ցրոններ): Արտածին հանքավայրերը կարևոր են հետևյալ օգտակար հանածոների համար` երկաթ, մանգան, ալյումինիում, ուրան, վանադիում, աղեր, դոլոմիտ, գիպս, ֆոսֆորիտ, բնածին ծծումբ ևն: Մետամորֆայհն հանքավայրերն ստորաբաժանվում են մետամորֆացված (հիմնականում նստվածքային մետամորֆիզմի ենթարկված) ու մետամորֆիկ (առաջացած բուն մետամորֆիզմի պրոցեսում) ենթախմբերի: Այդ հանքավայրերը կարևոր են երկաթի, մանգանի, ոսկու, ուրանի, ինչպես նաև գրաֆիտի, հրակայուն հումքի ու տիտանի (ռուտիլի) համար:

Գրկ. Մաղաքյան Հ. Գ., Մետաղային հանքավայրեր, Ե., 1958: Смирнов В.И., Геология полезных ископаемых, 3 изд., перераб. и доп., М., 1976 Татаринов П.М., Условия образования месторождений рудных и нерудных полезных ископаемых, 2 изд., М., 1963.