ՀՍՀ/ՀԱՆՔԱՎԱՆ
ՀԱՆՔԱՎԱՆ (մինչև 1949–ը` Միխանա, ն. Միխայլովկա), գյուղ Հայկական ՍՍՀ Հրազդանի շրջանում, Մարմարիկի վերին հոսանքում, շրջկենտրոնից 29 կմ հյուսիս–արևմուտք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Հ. բարձր լեռնային կլիմայական առողջարան է: Կլիման չափավոր է, ամառը` զով, խոնավ (օգոստոսի միջին ջերմաստիճանը` 16– 18 С), ձմեռը` մեղմ, ձյունառատ, երկարատև: Բուժիչ գործոնները ածխաթթվային, հիդրոկարբոնատ– քլորիդ–նատրիում–կալցիում–մագնեզիումական տաք (առավելագույն ջերմաստիճանը` 42,6°C, նվազագույնը` 27 С) ջրերն են, որոնք պարունակում են մեծ քանակությամբ երկարժեք երկաթ և միկրոտարրեր (ստրոնցիում, լիթիում, ֆտոր, պղինձ, մանգան, մոլիբդեն, յոդ, բրոմ): Հ–ի աղբյուրների ջրերն իրենց քիմ. կազմով նման են եսենտուկյան ջրերին: Հ–ում բուժում են ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի, մեզուղիների և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները: Հ–ում գործում է ՀՍՍՀ առողջապահության մինիստրության 4–րդ վարչության առողջարանը, 1950–ից` հանքային ջրի լցման գործարանը:
