ՀՍՀ/ՀԱՆՔԱՎԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ
ՀԱՆՔԱՎԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՀՍՍՀ Հրազդանի շրջանի Հանքավան գյուղի մոտ: Հայտնի է եղել պատմական անցյալում: Մշակվել է XIX դ. սկզբներին, տնայնագործական եղանակով: Սիստեմատիկ երկրաբանահետախուզական աշխատանքներն սկսել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի երկրաբանական վարչությունը` 1952–ին: Ներկայումս հանքավայրը մանրամասն հետախուզված է: Հ. պ. հ–ի երկրաբանական կառուցվածքում առկա է մինչքեմբրի հասակի 3 կմ հզորությամբ մետամորֆային թերթաքարերի հաստվածքը: Վերջինս կտրտված է լեյկոկրատ գրանիտների ինտրուզիաներով (հավանաբար ստորին պալեոզոյան հասակի): Հանքավայրում առանձնացվում են նաև երկրորդական հասակի ինտրուզիաներ (քվարցային դիորիտներ, դիորիտներ, սիենիտներ), որոնք կազմում են Հանքավանի ինտրուզիվ զանգվածը: Մետամորֆային թերթաքարերի, մարմարների և Հանքավանի (Միսխանայի) ինտրուզիվ զանգվածի հյուսիսային կոնտակտի երկարությամբ հետամտվում է էպիդոտնռնաքարային սկառների և եղջրաքարերի գոտին, ուր զարգացած է մոլիբդենիտ–խալկոպիրիտ–մագնետիտային հանքայնացումը: Հանքադաշտը բաղկացած է վեց տեղամասից, սակայն պղնձամոլիբդենային հանքայնացումն առկա է միայն երկու Կենտրոնական և Նամազելյան տեղամասերում: Գլխավոր հանքային միներալներն են` մոլիբդենիտը, խալկոպիրիտը, սֆալերիտը, գալենիտը, մագնետիտը, քվարցը, քլորիտը, սերիցիտը: Հանքանյութերը, պարունակում են նաև մի շարք հազվագյուտ և ցրված տարրեր: Հանքադաշտում լայնորեն տարածված են օքսիդացման զոնայի միներալները (երկաթի հիդրօքսիդ, կովելին, մալաքիտ), որոնք դժվարացնում են հանքանյութերի հարստացումը և օգտագործումը: Օքսիդացած հանքանյութերից մոլիբդենի կորզման հարցը տակավին լուծված չէ: Հ. պ. հ. ծագմամբ դասվում է միջին ջերմաստիճանային հիդրոթերմալ հանքավայրերի տիպին:
Է. Խաչատրյան
