Jump to content

ՀՍՀ/ՀԱՆՔԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆՔԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ, պետական, անվտանգության տեխնիկայի ու ընդերքի պահպանության կանոնների, նորմաների և հրահանգների պահպանման, կանխարգելիչ միջոցառումների մշակման ու անցկացման, պետական վերահսկողություն ապահովող միջոցառումների համակարգ: ՍՍՀՄ–ում Հ. հ. իրականացնող բարձրագույն մարմինը ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման հսկողության և հանքային հսկողության պետական կոմիտեն է, իսկ ՀՍՍՀ–ում` Հայկ. ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր նույնանուն կոմիտեն (տես Աշխատանքի, պաշտպանության): Հ. հ–յան հիմնական խնդիրներն են. հսկել աշխատանքի անվտանգ կատարումը ածխի, լեռնահանքային, լեռնաքիմիական, ոչ հանքային, քիմ., նավթի և գազի արդյունահանման, մետալուրգիական, նավթագազավերամշակման արդյունաբերությունում, երկրաբանահետախուզական արշավախմբերում, ամբարձիչ կառույցների, կաթսայական տեղակայանքների ու ճնշման տակ աշխատող անոթների և այլ օբյեկտների կառուցման ու շահագործման ընթացքում, արդյունաբերությունում տարվող պայթեցումների ժամանակ. հետևել օգտակար հանածոների հանքավայրերի ճիշտ շահագործմանն ու ընդերքի պահպանությանը, հաստատել աշխատանքի անվտանգ կատարման ճյուղային և միջճյուղային կանոններ, հրահանգներ և նորմաներ` վերահսկման ենթակա արդյունաբերության ճյուղերի համար. թույլատրել ստորգետնյա հանքային աշխատանքների համար նախատեսված, նոր նմուշի էլեկտրամեխանիկական սարքավորումների, մեքենաների և այլ ապարատուրայի կիրառումը: ՍՍՀՄ Հ. հ. և նրա մարմիններն իրավունք ունեն դաթարեցնել աշխատանքները, տալ աշխատանքի անտվանգ կատարման և ընդերքի պահպանության կանոնների, նորմերի ու հրահանգների խախտումները վերացնելու հրամաններ ևն: