ՀՍՀ/ՀԱՆՔԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐՀԱՆՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՆՔԱՐԱՆԱՅԻՆ ՎԵՐՀԱՆՈՒՄ, հանքարանի ուղղաձիգ և թեք հանքափողերով օգտակար հանածոյի և դատարկ ապարների վերհանում, մարդկանց, նյութերի և սարքավորումների իջեցում ու բարձրացում: Հ. վ. կատարվում է վերհան տեղակայանքներով, որոնք ըստ նշանակության լինում են գլխավոր (օգտակար հանածոն դատարկ ապարը փոխադրող), օժանդակ (մարդկանց և բեռներ իջեցնող ու բարձրացնող), հորատանցման (հանքափողերի հորատանցման ու խորացման դեպքում) և տեսչական կամ վթարային (հանքափողի զննման և վթարի դեպքում մարդկանց դուրս բերման համար): Ըստ վերհանման անոթների տեսակի լինում են բադյա, վանդակավոր և սկիպներով տեղակայանքներ:
