Jump to content

ՀՍՀ/ՀԱՆՔԱՓՐԿԱՐԱՐ ԳՈՐԾ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՆՔԱՓՐԿԱՐԱՐ ԳՈՐԾ, լեռնային գործի ծառայություն, որն ընդգրկում է վթարի դեպքում մարդկանց փրկելու, հանքահորերում և հանքարաններում վթարները կանխելու կամ վերացնելու աշխատանքները: Ամենավտանգավոր վթարներն են` հանքային գազի (մեթան), ածխային կամ կոլչեդանային փոշու պայթյունները, ստորգետնյա հրդեհները, հանքային գազի և ածխի հանկարծակի արտանետումները, ընդերքային (լեռնային) հարվածներն ու ստորգետնյա ջրերի ճեղքումները դեպի փորվածքներ: Գազերից թունավորվելը կանխելու համար հանքագործներին տրվում են հակագազեր: Հանքահորում վթարի ենթարկված հանքագործներին փրկելու, վթարները կանխելու և վերացնելու համար ՍՍՀՄ–ում կազմակերպված է հանքափրկարար ծառայություն: Հանքափրկարար աշխատանքները կատարում են հանքափրկարար զորամասի մարտիկները, որոնք օգտագործում են հանքային ռեսպիրատորներ, անձնական պաշտպանության միջոցներ, հանքային հրդեհները հանգցնելու տեխ. միջոցներ, հանքային օդի բաղադրությունը վերահսկող սարքեր, տեղափոխման ու կապի միջոցներ ևն (տես նաև Աշխատանքի պաշտպանություն):

Գ. Խաչատրյան