Jump to content

ՀՍՀ/ՀԱՇԴԵՈՒ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՇԴԵՈՒ (Hasdeu) Բոգդան Պետրիչեյկու Ալեքսանդուի (1836–1907), ռումինական և մոլդավական գրող, բանասեր, պատմաբան, լեզվաբան, հայագետ: Բուխարեստի համալսարանի պրոֆեսոր(1874–1900): Ռուսաստանի, Ռումինիայի ԳԱ ակադեմիկոս, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի, Սերբիայի, Բուլղարիայի, Թուրքիայի ակադեմիական ընկերությունների անդամ: Սովորել է Խարկովի համալսարանում(1855–56): Յաշում և Բուխարեստում հրատարակել է (1858–95) գրական և պատմա–բանասիրական թերթեր ու հանդեսներ: Գրել է (ռում.) գրական տարբեր ժանրի գործեր. «Երեք մոգեր Արևելքից» (1875) դրաման, լեզվաբանական–բանասիրական. «Սկզբունքներ արիական–եվրոպական համեմատական բանասիրության» (1875), «Հատվածներ ռումին լեզվի պատմության մասին» (1876), «Խոսքեր ծերերից» (հ. 1–3, 1878–81), և պատմագիտական. «Ռումինիայի կրոնական հանդուրժողության պատմություն» (1865), «Ռումինիայի պատմական արխիվը» (հ.1–4, 1865–67), «Ռումինացիների քննական պատմությունը» (հ. 1–2, 1873–75) արժեքավոր երկերը: Հ–ի ստեղծագործությունը համակված է դեմոկրատական, հակաբոյարական տրամադրությամբ: Ուսումնասիրություններում մեծ տեղ է հատկացրել նաև Ռումինիայի և Տրանսիլվանիայի հայերի պատմությանը, երկրի տնտեսության ու մշակույթի կյանքում նրանց խաղացած դերին: Նրանց է նվիրված «Հայերը» (1852, ռուս.) բանաստեղծությունը, «Յոան իշխան Ահարկու» (հայտնի է նաև «Հայը» անունով, ռում., 1865) մենագրությունը, «Հայերը Մոլդովայում 1669 թ.» Տրայան» («Traian»), 1869, No 1, «Արճեշի վանքը» Ռևիստա նոուը»(«Revista Nou»), 1888, «H այերը Ռումինիայում», նույն տեղում (1890) հոդվածները:

Գրկ. Սիրունի Հ. Ճ. Բոգդան Հաշդեու, «Արազ» տարեգիրք, Բուխարեստ, 1933: Семчинский С. В., Стихотворение Б. П. Хашдеу «Армяне», «ԲԵՀ», 1969, No 2: U. Քոլանջան