ՀՍՀ/ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, որևէ մարմնի հետ կապված կոորդինատների համակարգի և ժամանակի ընթացքը նշող գործիքի` ժամացույցի համախումբ: Հաշվարկման մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների կամ նյութական կետերի շարժումը, ընտրվում է ըստ նպատակահարմարության, օրինակ, հաշվարկման մարմին կարող է լինել աշխատասեղանը, որևէ բնակավայր, Երկիրը, Արեգակը, Գալակտիկայի կենտրոնը ևն: Մարմինների կամ, ավելի լայն առումով, պատահարների տարածաժամանակային բնութագիրը որոշվում է 4 թվերով` տեղը նշող տարածական 3 կոորդինատներով` x, y, z և ժամացույցի t ցուցմունքով (ժամանակային կոորդինատ): х, у, z, t չորս թվերի բազմությունը ըստ էության կազմումէ իրական քառաչափ տարածաժամանակային ամբողջությունը` քառաչափ տարածությունը: Այն Հ. հ., որում տեղի ունի Նյուտոնի առաջին օրենքը (տես Նյուտոնի օրենքներ), կոչվում է հաշվարկման իներցիալ համակարգ: Իներցիալ Հ. հ–ի նկատմամբ ուղղագիծ և հավասարաչափ շարժվող յուրաքանչյուր համակարգ դարձյալ իներցիալ է: Հարաբերականության հատուկ տեսությունը գործ ունի միայն իներցիալ Հ. հ–երի հետ: Իներցիալ Հ. հ–ի նկատմամբ արագացումով շարժվող Հ. հ. կոչվում է հաշվարկման ոչ իներցիալ համակարգ: Այդպիսի հպմակարգում տեղի չունի Նյուտոնի առաջին օրենքը, որովհետև առաջանում են «թվացող» ուժային (գրավիտացիոն) դաշտեր, որոնք միշտ ազդում են մարմինների վրա: Հարաբերականության ընդհանուր տեսությունում Հ. հ. կարող է լինել կամայական: Սակայն այստեղ բնության օրենքները ձևակերպվում են այնպես, որ բոլոր Հ. հ–երում ունենում են մաթ. հավասարումների միևնույն տեսքը (տենզորական հավասարումներ են): Կոորդինատների համակարգի ընտրությունը պայմանավորված է խնդրի բնույթով: Հ. հ–ի իներցիալ լինելու պայմանը բավարարվում է երկնային մարմիններից բավականաչափ մեծ հեռավորությունների վրա, երբ կարելի է անտեսել գրավիտացիոն դաշտը: Այս դեպքում տարածությունը համասեռ է և իզոտրոպ, ուստի ամենահարմարը ուղղանկյուն դեկարտյան կոորդինատների համակարգն է: Միևնույն պատահարի х, у, z, է տարածաժամանակային կոորդինատները իներցիալ Հ. հ–երում կապված են Լորենցի ձևափոխություններով: Լույսի արագությունից շատ փոքր հարաբերական արագությունների դեպքում դրանք վերածվում են Գալիլեյի ձևափոխությունների, և այդ մոտավորությամբ պատահարների t ժամանակը բոլոր Հ. հ–երում միևնույնն է:
