ՀՍՀ/ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ
ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ, ինֆորմացիայի ալգորիթմական մշակման և հաշվարկման պրոցեսի մեքենայացման համար նախատեսված սարք կամ սարքերի համախումբ: Հ. մ–ները լինում են մեխանիկական, պնևմատիկ, օպտիկական, հիդրավլիկական, էլեկտրական, էլեկտրոնային կամ համակցված: Հ. մ–ներն ըստ ինֆորմացիայի ներկայացման ձևի բաժանվում են երեք տիպի, անընդհատ գործողության կամ անալոգային (ինֆորմացիան ներկայացվում է որոշակի ֆիզիկական մեծությունների օգնությամբ, օրինակ, թափանիվի պտտման անկյան, էլեկտրական հոսանքի ուժի ևն), թվանշանային (ԹՀՄ ինֆորմացիան ներկայացվում է թվանշանների վերջավոր հաջորդականության տեսքով), հիբրիդային (ինֆորմացիայի ներկայացման երկու ձևերն էլ օգտագործվում են): Գիտության և ժող. տնտեսության բազմաթիվ բնագավառներում լայն տարածում են ստացել էլեկտրոնային ԹՀՄ–ները:
Ա. Պետրոսյան
