Jump to content

ՀՍՀ/ՀԱՊԱՎՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՊԱՎՈՒՄ, բաղադրյալ անվանումների կրճատված մասերով բառակազմության տեսակ: Լայն տարածում է ստացել սովետական շրջանում: Հ–ների կրճատված բաղադրիչները ձևույթային կարգի միավորներ չեն և համապատասխանում են բաղադրյալ անվանումների, բառակապակցությունների բաղադրիչների կրճատված առաջին մասերին, վանկերին կամ տառերին: Ժամանակակից հայերենում Հ–ներն ըստ կազմության լինում են`

1. վանկային` կազմված բառերի առաջին վանկերից կամ իբրև վանկ դիտվող բառամասերից (պետհրատ),

2. տառային` կազմված միայն սկզբնատառերից (բուհ` բարձրագույն ուսումնական հաստատություն),

3. խառն` կազմված վանկերից, տառերից և լրիվ բառերից` տարբեր բաղադրություններով` ա. վանկաբառային (խնայդրամարկղ), բ. վանկատառային (Հայբամշին), գ. բառատառային (ՏաթևՀԷԿ), դ. բառատառավանկային (ԵրևանՀԷԿշին): Հ–ների զգալի մասը փոխառված կամ պատճենված է ռուսերենից (զագս, սովխոզ ևն) կամ նրա միջնորդությամբ` այլ լեզուներից (ՆԱՏՕ ևն):

Գրկ. Սևակ Գ., Ժամանակակից հայոց լեզվի դասընթաց, Ե., 1955: Մարգարյան Ա., Հայոց լեզվի հապավումների բառարան, Ե.,1979: Ս. Էլոյան