ՀՍՀ/ՀԱՋԻԲԵԿՈՎ
ՀԱՋԻԲԵԿՈՎ Ուզեիր Աբդուլ Հուսեյն օղլի 5(17).9.1885, գ. Աղջաբեդի (Շուշիի մոտ)–23.11.1948, Բաքու, ադրբեջանցի սովետական կոմպոզիտոր, երաժշտագետ, հասարակական գործիչ, Ադրբեջանի ժամանակակից պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրը: ՍՍՀՄ ժող. արտիստ (1938), Ադրբեջանի ԳԱ ակադեմիկոս (1945): ՍՄԿԿ անդամ 1938–ից: Սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերությանը կից երաժշտական դասընթացներում (1911–12) և Պետերբուրգի կոնսերվատորիայում (1913–14): Հ–ի «Լեյլի և Մեջնուն» օպերայով (1907, բեմ.` 1908) սկզբնավորվել է մուղամային օպերայի ժանրը: Գրել է ևս 5 մուղամային օպերա` «Շեյխ Սանան» (1909), «Ռուստամ և Զոհրաբ» (1910), «Շահ Աբբաս և Խուրշիդ բանու» (1912), «Ասլի և Քերիմ» (1912), «Գարուն և Լեյլա» (1915, չի բեմադրվել): Հ. նաև ադրբ. երաժշտական կոմեդիայի հիմնադիրն է` «Ամուսինը և կինը» (1909), «Սա չլինի, նա լինի» (1910, էկրանավորումը` 1958) և լայն ճանաչման արժանացած «Արշին մալ ալան» (1913, մի քանի անգամ էկրանավորվել է, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946): Սովետական իշխանության տարիներին Հ. նպաստել է հանրապետությունում երաժշտական կրթության զարգացմանը` հիմնել է երաժշտական դպրոց (1922), 1938–48–ին եղել է Ադրբեջանի կոնսերվատորիայի (1949–ից` Հ–ի անվան) պրոֆեսոր և դիրեկտորը, կոմպոզիտորների միության նախագահը (1938–ից): 1926–ին կազմակերպել է ադրբ. առաջին բազմաձայն երգչախումբը, 1931–ին` նոտա կարդացող ժող. երաժիշտների նվագախումբ, 1936–ին` պետ. երգչախումբ, ստեղծել է ադրբ. առաջին մասսայական երգերը, կամերագործիքային երկեր ևն: 1945–ից գլխավորել է Ադրբ. ՍՍՀ ԳԱ ադրբ. արվեստի ԳՀԻ: Հ–ի ստեղծագործության բարձունքն է «Քյոռ օղլի» հերոսա–վիպական օպերան (1937, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941), որն առանձնանում է ժող. կերպարային–ինտոնացիոն կառուցվածքի և արտահայտչական դասական միջոցների միասնությամբ (Երևանում բեմադրվել է 1942–ին): Նրա գրչին են պատկանում նաև հայրենասիրական երգեր, «Հայրենիք և ճակատ» կանտատը, «Սենսիզ» («Առանց քեզ») և «Սևգիլի ջանան» («Սիրուհի») ռոմանս գազելները (Նիզամու խոսքերով), «Ադրբեջանական ժող. երաժշտության հիմունքները» տեսական աշխատությունը (1945): Հ. նաև Ադրբ. ՍՍՀ հիմնի երաժշտության (1945) ու գրական երկերի հեղինակ է:
Երկ. О музыкальном искусстве Азербайджана, Баку, 1966 Ес(рл(ри, ч. 1–4, Бакы, 1964–68.
Գրկ. Касимов К., Узеир Гаджибеков, Баку, 1945 Корев С, Узеир Гаджибеков и его оперы, М., 1952 Абасова Э., Оперы и музыкальные комедии Узеира Гаджибекова, Баку, 1961 Сафарова 3., Музыкально–эстетические взгляды Узеира Гаджибекова, М., 1973.
Զ. Սաֆարովա
