Jump to content

ՀՍՀ/ՀԱՋԻԵ ՋՆԴԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՋԻԵ ՋՆԴԻ Ջաուարի, ծն. 18.3.1908, գ. Յամանչաիր (Կարսի մարգում) քուրդ սովետական բանագետ, գրականագետ, գրող, թարգմանիչ, մանկավարժ: Քրդական գրականության հիմնադիրներից (Սովետական Հայաստանում): Բան. գիտ. դ–ր (1964), պրոֆեսոր (1966), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1974): ՍՄԿԿ անդամ 1946-ից: 1930–1966–ին եղել է Հայաստանի գրողների միության քուրդ գրողների մասնաճյուղի նախագահը: 1933–ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակ–ը: Գրում է քրդերեն և հայերեն: Նրան է պատկանում մայրենի լեզվով առաջին «Քրդերենի քերականություն» (1936, պրոֆ. Ա. Խաչատրյանի հետ): Աշխատությունները հիմնականում վերաբերում են քրդական բանահյուսությանը. «Կառ ու Քուլուկե Սլեմանե Սլիվի» (1941, հայերեն և քրդերեն), «Քրդական ֆոլկլոր» (1947, հայերեն), «Քյոռ օղլի» էպոսի քրդական պատումները» (1953, հայերեն և քրդերեն), «Մամե ու Զինե» (1956, հայերեն), «Քրդական էպիկական վիպերգեր» (1962, ռուսերեն), «Հայ և քուրդ ժողովուրդների բարեկամության արտացոլումը բանահյուսության մեջ (1965, հայերեն), «Ակնարկ Սովետական Հայաստանի քրդական գրականության» (1970, հայերեն), «Քրդական ժողովրդական քնարական երգեր» (1972, քրդերեն), «Ռոստամե Զալ» էպոսի քրդական պատումները» (1978, քրդերեն) և այլ գործեր: Քրդերեն լույս են տեսել Հ. Ջ–ի «Նոր առավոտ» (1947) պատմվածքների ժողովածուն, «Օգնություն» (1967) վեպը, «Քրդական ժողովրդական երգեր» (1975) գիրքը, հայերեն` «Քրդական ժողովրդական հեքիաթներ» (1952), «Քրդական ժողովրդական վիպերգեր»–ը (I 960): Քրդերեն է թարգմանել հայ և սովետական գրողների շատ գործեր: Կազմել է դասագրքեր: 1979–ից` Իրաքի ԳԱ թղթակից անդամ: Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշաններով: