ՀՍՀ/ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ
ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ, զգայարանների վրա առարկաների ներգործությունից հետո գիտակցության ոլորտում ընկալման պատկերներից մնացած «հետքեր» (տեսողական, լսողական ևն): Առարկային ուշադիր նայելուց հետո, հայացքը միատարր սպիտակ ֆոնին տեղափոխելիս, երևում է դրական հաջորդական պատկերը, որը ըստ լուսավորության և գույնի նման է ընկալման պատկերին: Դրան հետևող պատկերը, որն ունի լրացուցիչ գունային առանձնահատկություններ, կոչվում է բացասական Հ. պատկեր (կարմիր առարկան կանաչ է երևում, կանաչը` կարմիր, կապույտը` դեղին, իսկ դեղինը` կապույտ ևն): Ընկալման պատկերի առաջացումը պայմանավորված է անալիզատորում կատարվող ֆոտոքիմիական և էլհկտրաքիմիական բարդ պրոցեսներով: Հ. պ. են առաջանում գրգռիչների տևական ազդեցության պատճառով ռեցեպտորների հոգնածությունից: Ցանցաթաղանթի ցերեկային տեսողության ռեցեպտորներում (սրվակներում) կա երեք տեսակ պիգմենտացիա, որը զգայուն է գունային սպեկտրի տարբեր երկարության ալիքների նկատմամբ: Երբ գույներից մեկն ազդում է տևականորեն, ապա այն ընկալող պիգմենտը քայքայվում է, և այդ գույնի նկատմամբ աչքի զգայունակությունը թուլանում է: Չեզոք ֆոնին նայելիս առաջանում է լրացուցիչ գունային զգայություն: Հ. պ–ի օգտագործման վրա է հիմնված կինոն, որում մեկ վայրկյանում տրվում է 24 առանձին պատկեր, սակայն դրանց ինտերվալները լցվում են դրական Հ. պ–ով, և դիտողին թվում է, թե հայացքի առջևով անցնում են անընդհատ իրադարձություններ:
Ա. Նալչաջյան
