ՀՍՀ/ՀԱՌԻՃ
ՀԱՌԻՃ (մինչև 1946–ը` Ղփչաղ), գյուղ Հայկական ՍՍՀ Արթիկի շրջանում, շրջկեևտրոնից 3 կմ հարավ–արևելք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ: Հ–ում գործում է Արթիկի արտադրական կոմբինատի մասնաճյուղը (արտադրում է պեմզայի սալիկներ և մածուկ): Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, մսուր–մանկապարտեզ, պատմահնագիտական թանգարան, տուրիստական հանգրվան: Գյուղի հվ. կողմում, երեք դարավանդների վրա, գտնվում է 12 հա ընդհանուր մակերեսով բրոնզեդարյան բնակատեղի: Հնագիտական ուսումնասիրություններն սկսվել են 1966–ին: Հուշարձանը բազմաշերտ է, պարունակում է մ. թ. ա. III հազարամյակից մինչև մ. թ. X դ. շերտեր: Վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են ուղղանկյուն և քառանկյուն հիմքերով բնակարաններ` քարից պատրաստված կրակարաններով: Հայտնաբերվել են խեցեղեն, աշխատանքային գործիքներ, պերճանքի առարկաներ, որոնք որոշակի զուգահեռներ ունեն Հայկական լեռնաշխարհի մի շարք հուշարձաններից գտածոների հետ: Բնակատեղիի մոտ գտնվում է Հ–ի դամբարանադաշտը` մոտ 3 կմ² տարածքով: Տեղ–տեղ զանազանվում են դամբարանների արմ–ից արլ. ձգվող շարքերը: Դամբարանները հիմնականում փորված են հողի, երբեմն` տուֆի մեջ, ծածկված մեծ մասամբ լավ մշակված և միմյանց կիպ ագուցված տուֆե սալերով: Դամբարանափոսերը տարբեր ձևերի են` ուղղանկյուն, օվալաձև, կլորավուն անկյուններով, 0,7–1,85 մ բարձրությամբ քարահողային լիցքով: Թաղումները` հիմնականում միայնակ, առանձին դեպքերում` զույգերով: Հ–ում բացվել են նաև հազվադեպ դամբարաններ, ուր հանգուցյալի մարմնից անջատված գլուխը դրված է կավամանի մեջ: Դամբարանախցերում հաճախ գտնվում են ածխի և մոխրի մնացորդներ, որից կարելի է ենթադրել, որ Հ–ում ընդունված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրելու ծիսական արարողությունը: Հ–ից գտնվել են նաև կենդանիների կավե գեղեցիկ արձանիկներ, գունազարդ, սև փայլով նախշավոր և խոհանոցային հասարակ խեցեղեն, հանգուցյալների պատվին զոհաբերած կենդանիների ոսկորներ ևն: Ուշագրավ է Հ–ում բացված տաճարային համալիրը: Վաղ միջնադարյան և հետագա շերտերից հայտնաբերված նյութերը (խեցեղեն, երկաթե և ապակե իրեր, դրամներ ևն) վկայում են, որ կյանքը ամրոցում գոյատևել է մինչն Հ–ի եկեղեցու կառուցումը: Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հ. գյուղի տարածքում: Հ–ում է գտնվում միջնադարյան Հառիճավանք համալիրը: Հնագույն շինությունը VII դ. կառուցված Ս. Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է, որին հվ–ից կից են XIII դ. երկհարկ աղոթարաններ: Վանքի գլխավոր եկեղեցին, որը կառուցվել է 1201–ին Զաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով, խաչաձև–գմբեթավոր մեծաչափ կառույց է` XII – XIII դդ. հայկ. ճարտ–յանը բնորոշ վերձիգ համամասնություններով: Տաճարի անկյունները զբաղեցնում են երկհարկանի նեղ խորաններ: Հս–արմ. և հվ–արմ. երկրորդ հարկի խորանները, դեպի ուր տանում են քարե բարձակային աստիճանները, աղոթասրահին են նայում սյունակամարակազմ բացվածքներով, որոնք ինտերիերին տալիս են պալատային տեսք: Հետաքրքիր է լուծված հատկապես արլ. ճակատը. բարդ բեկվածքավոր գոտուց կազմված է մի խոշոր պատկեր` վերին մասում խաչ. դեպի ցած գոտին կրկնակվելով կազմում է ուղղանկյուն շրջանակ, որի մեջ տեղավորված է Զաքարե և Իվանե Երկարաբազուկների կտիտորական բարձրաքանդակը: Այնուհետև, գոտիները, պսակելով «հայկական խորշերն» ու կողային խորանների նեղ լուսամուտները, անցնում են հվ. և հս. ճակատները, ուր վերին մասում դարձյալ կազմում են խաչ, իսկ ավելի ցածում` պսակում նեղ լուսամուտները: Այս մեծ ելուստով, լայն գոտին դինամիկ, ցայտուն ու խստականոն կերպով մասնատում է ճակատների հարթությունը` ստեղծելով խորը լուսաստվեր և այլ քանդակազարդերի հետ նրանց հաղորդում պլաստիկություն: Ամբողջ կառույցին իշխում է գմբեթի բարձրադիր, բազմանիստ թմբուկը, որը մասնատված է փունջ կազմող նուրբ որմնասյուներով և երիզված զիգզագաձև քիվով: Թմբուկի նիստերը զարդարված են մեկը մյուսին չկրկնող գոգավոր, սկուտեղանման զարդաքանդակ–վարդյակներով: Կառույցի ինտերիերում աչքի է ընկնում նրբագեղ փորագրությամբ բեմեզերքը: Եկեղեցուն արմ–ից, որոշ չափով ասիմետրիկ, տեղադրված է XIII դ. քառասյուն գավիթը, որը եկեղեցուն մասշտաբով չհակադրելու համար կառուցված է համեմատաբար ավելի ցածր համամասնություններով: Գավթի կենտրոնական մասը` ծածկված է շթաքարե երդիկավոր վրանանման գմբեթով: Մնացած մասերը ծածկված են հայելային թաղերով, որոնք շարված են աստղաձև և այլ տիպի քարերով: Հարուստ է շքամուտքի հարդարանքը, նրա տիմպանը, խոր ներառնված սլաքային կամարի մեջ, շարված է աստղաձև քարերից և վիրտուոզ կատարված երկրաչափական ու բուսական ձևերի փորագրությամբ մանր վեցանկյունիներից:
Գրկ. Хачатрян Т.С, Древняя культура Ширака, Е., 1975.
Մ. Գրիգորյան, Ն. Խաչատրյան, Ա. Յակոբսոն
