Jump to content

ՀՍՀ/ՀԱՍԱՆԿԱԼԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍԱՆԿԱԼԱ, Դեվե–Բոյնու, քաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառում, Էրզրումից մոտ 40 վերստ արևելք: Բասեն գավառի վարչական կենտրոնն էր: 1909–ին ուներ 2500 ընտանիք բնակիչ, որոնցից 45–ը` հայ, մնացածը` թուրք: Հայերն զբաղվում էին հիմնականում առևտրով ու արհեստներով, թուրքերը` երկրագործությամբ ու անասնապահությամբ: Հ. հարուստ է հանքային բուժիչ ջրերով: Հ–ով էր անցնում Տրապիզոն–Պարսկաստան տարանցիկ առևտրական ուղին: Հնում եղել է նշանավոր բերդաքաղաք` Դարոյնք անունով (չպետք է շփոթել Կոգովիտ գավառի Դարոյնքի հետ): Ղ. Ալիշանը ենթադրում է, որ Հ–ի բերդը կառուցել է Գրիգոր Մագիստրոսի ազգական Հասանը: Բերդը կառուցված է Բասենի դաշտում` ժայռոտ բլուրների վրա, որոնցից հվ–արմ. հիմնվել է քաղաքը: Բերդն ունեցել է անկանոն աշտարակներով կրկնապարիսպ: Պարսպապատ է եղել նաև քաղաքը: Այդ պատճառով Հ. հիշվում է որպես եռապարիսպ քաղաք: Հ–ի բերդը պահպանվել է մինչև 1877–78–ի ռուս–թուրք. պատերազմը: 1829–ի հուլիսի 24–ին ռուս. զորքը գրավեց Հ., որն այդ ժամանակ ուներ մոտ 500 տուն (հայ և թուրք) բնակիչ: Սակայն Ադրիանուպոլսի 1829–ի սեպտ. 2–ի պայմանագրով Հ. վերադարձվեց թուրքերին: Տեղի հայերի զգալի մասը 1830–ին գաղթեց Արևելյան Հայաստան: 1878–ի փետրվարին ռուս, զորքը կրկին, իսկ 1916–ին` երրորդ անգամ գրավեց Հ., բայց 1918–ին թուրքերը վերագրավեցին այն: Հ–ի հայերը տեղահանվել են 1915–ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Ա–Դ ո, Վանի, Բիթլիսհ և Էրզրումի վիլայեթները, Ե., 1912: Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին, հ. 2, Ե., 1964: