ՀՍՀ/ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼ ԴՈԼԱ
ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼ ԴՈԼԱ (ծն. թ. անհտ. 1260, Ղազվին), Հայոց Արևելից կողմանց գահերեց իշխան: Առանշահիկների տոհմից. Վախթանգ Տանգիկի և Զաքարյան Սարգսի դուստր Խորիշահի որդին: Հասան Ջալալյանների տոհմի հիմնադիրը: Ներքին Խաչենի իշխանությունը ժառանգել է 1214–ին և դարձել Արցախի ու հարակից հայկ. շրջանների իշխանների գահերեցը: Կոչվել է նաև «թագավոր», «ինքնակալ»: Փորձել է ետ վանել թաթար–մոնղոլների առաջին արշավանքները, սակայն, հետագայում ընդունելով նրանց գերիշխանությունը, հմուտ դիվանագիտությամբ իր երկրամասն ու Արևելյան Հայաստանը զերծ է պահել բռնագրավիչների վայրագություններից: Այդ նպատակով երկու անգամ մեկնել է Կարակորում` մեծ խանի մոտ և Հայաստանի համար ձեռք բերել արտոնություններ: Նրա միջնորդությամբ բարեկամական հարաբերություններ են հաստատվել Կիլիկիայի Հայոց թագավորության ու մոնղոլների միջև: 1260–ին միացել է մոնղոլների դեմ Վրսատանում բռնկած ապստամբությանը, որի ճնշումից հետո Արղուն խանի կարգադրությամբ սպանվել է: Վարել է նաև մշակութային–շինարարական գործունեություն, կառուցել է Գանձասարի վանքը (1216–38), Վաճառի եկեղեցին (1251), հիմնովին վերակառուցել Կեչառիսի վանքը (1248), նրա պատվերով ստեղծվել է հայկ. առաջին համահավաք Հայսմավուրքը (1240–ական թթ.):
Գրկ. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Ուլուբաբյան Բ., Խաչենի իշխանությունը X–XVI դարերում, Ե., 1975: Բ. Ուլուբաբյան
