ՀՍՀ/ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ
ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ, Հասարակածային Գվինեայի Հանրապետություն (Republica de Guinea Ecuatorial), պետություն Աֆրիկայի կենտրոնական մասում, Գվինեական ծոցի ափին: Կազմված է ցամաքային (Ռիո Մունի) և կղզային (Դիոկո, Կորիսկո, Պագալու) մասերից: Սահմանակից է Կամերունին և Գաբոնին: Տարածությունը 28,051 հզ. կմ² է, բն.` 320 հզ. (1977): Մայրաքաղսքը` Մալաբո: Վարչականորեն բաժանված է 2 շրջանի:
Պետական կարգը: 1979–ի օգոստոսից պետ. հեղաշրջմամբ ողջ իշխանությունն անցել է բարձրագույն զինվորական խորհրդին, հրի նախագահը կառավարության գլուխն է: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը ազգային ժող. ժողովն է:
Բնությունը: Հ. Գ. գտնվում է հասարակածին մոտ, ստորին Գվինեա բնական մարզում: Ցամաքային մասի մակերևույթը լեռնային է (600–900 մ բարձրությամբ, առավելագույնը` 1500 մ), ափամերձ գոտին` ցածրադիր: Կլիման հասարակածային է, խոնավ: Միջին ամսական ջերմաստիճանը 24–28°C է, տարեկան տեղումները` ավելի քան 2000 մմ: Գետային ցանցը խիտ է, ջրառատ: Կարմրադեղնավուն լատերիտային հողերի վրա տարածված են խոնավ հասարակածային մշտականաչ անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է, բազմատեսակ:
Բնակչությունը: Ավելի քան 90-ը ֆանգ և բուբի ժողովուրղներն են: Պաշտոնական լեզուն իսպաներենն է, տոմարը` գրիգորյանը: Դավանում են կաթոլիկություն, և մի մասը պահպանել է ավանդական հավատալիքները: Միջին խտությունը 1 կմ² վրա 11 մարդ է: Քաղաքներն են Մալաբոն, Բատան:
Պատմական տեղեկանք: XV դ. 70–ական թվականներին պորտուգալացիները հայտնաբերել են Դիոկո կդզին և հայտնաբերողի անունով կոչել Ֆեռնանդո Պո: 1778–ին կղզին անցել է Իսպանիային, որն այնտեղ ամրացել է միայն 1843–ին: Նույն թվականին, երկարատև պատերազմից հետո, Իսպանիան իր տիրապետությունն է հաստատել երկրի մայրցամաքային մասի` Ռիո Մունիի վրա: Իսպ. և ֆրանս. տիրույթների սահմանները մայրցամաքում որոշվել են 1900–ին: Հ. Գ–ի բնակչության ազատագրական պայքարը ուժեղացել է XX դ. 30–ական թթ.: Ձգտելով քողարկել գաղութային վարչակարգը` Իսպանիան 1960–ին «վերացրեց» նախկին գաղութային ստատուտը և Ֆեռնանդո Պոն ու Ռիո Մունին վերածեց Իսպանիայի «անդրծովյան նահանգի»: 1964–ին նրանց տրվեց «ներքին ինքնավարություն», ստեղծվեցին ինքնավար կառավարական խորհուրդ ու գլխավոր ասամբլեա: Չորս տարի անց, ազգային ազատագրական շարժման վերելքի հետևանքով Իսպանիան ստիպված Հ. Գ–ին տվեց քաղ. անկախություն: 1968–ի հոկտ. 12–ին հռչակվեց հասարակածային Գվինեա Հանրապետության (ՀԳՀ) անկախությունը: 1970–ին ստեղծվեց Միասնական ազգային կուսակցությունը (1972–ից` Հ. Գ–ի Աշխատավորների միացյալ ազգային կուսակցություն): Նախկինում եղած քաղ. կուսակցությունները և մասսայական կազմակերպություններն արձակվեցին: ՀԳՀ 1973–ի սահմանադրության համաձայն, կուսակցությունը «մշակում է ազգի ընդհանուր քաղաքականությունը և հետապնդում է «մարդու կողմից մարդու շահագործումը վերջնականապես վերացնելու» նպատակ: Արտաքին քաղ. բնագավառում ՀԳՀ կառավարությունը հռչակել է չմիանալու սկզբունք: ՀԳՀ ՄԱԿ–ի և Աֆրիկյան միասնության կազմակերպության անդամ է: ՍՍՀՄ–ի և ՀԳՀ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1968–ին: Ստորագրվել են տնտ. և տեխ., ձկնորսության բնագավառում համագործակցության համաձայնագրեր:
Տնտեսությունը: Հ. Գ. ագրարային երկիր է: Տնտեսության գլխավոր ճյուղերն են հողագործությունն ու փայտամթերումը, որոնք վերահսկվում են օտարերկրյա (առավելապես իսպանական) կապիտալի կողմից: Ռիո Մունիում տիրապետում է հարոսային հողագործությունը, կղզիներում` պլանտացիոն տնտեսությունը: Մշակում են կակաո, սուրճ, յուղատու արմավենի, բանան, բրինձ, գետնընկույզ, շաքարեղեգ, ցիտրուսներ, բանջարեղեն: Անասնապահությունը թույլ է զարգացած: Կա ձկնորսություն և ծովախեցգետնի արդյունահանություն: Անտառամշակումը առավելապես կատարվում է Ռիո Մունիում: Արդյունաբերությունը ներկայացված է տնայնագործական մանր ձեռնարկություններով: 1974–ին արտադրվել է 16 մլն կվտ–ժ–ից ավելի էլեկտրաէներգիա: Ավտոճանապարհների երկարությունը 1,3 հզ. կմ է, երկաթուղիներինը` 76 կմ: Ստեղծվել է ազգային ավիաընկերություն: Զարգացած է նավագնացությունը: Ներմուծում է նավթամթերք, ցեմենտ, տեքստիլ, պարեն, կենցաղային տեխնիկա: Արտաքին առևտրի մեծ մասը բաժին է ընկնում Իսպանիային: Արտահանվող ապրանքի 40–ը կազմում է կակաոն, 20–ը` սուրճը, մնացածը` փայտանյութը, արմավի յուղը, ծխախոտը, բանանը ևն: Դրամական միավորը Էկվելեն է: 1 էկվելեն 1-իսպանական պեսետայի:
