ՀՍՀ/ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ, նյութական արտադրության բոլոր ճյուղերում որոշակի ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարում) ստեղծված նյութական բարիքների (արտադրամիջոցների և սպառման առարկաների) ամբողջություն: Չափվում է ֆիզիկական ծավալով և արժեքային մեծությամբ: Հ. ա. ա–ի ֆիզիկական ծավալը որոշվում է տարվա ընթացքում ստեղծված արդյունքների գումարով, անփոփոխ գներով: Այդ գումարն արտահայտվում է նաև արժեքային մեծությամբ, ընթացիկ գներով, որը հնարավորություն է տալիս բացահայտել Հ. ա. ա–ի կառուցվածքն ու դրա փոփոխությունները: Հ. ա. ա. հանդես է գալիս համախառն հասարակական արդյունքի և վերջնական հասարակական արդյունքի ձևերով: Լինելով առանձին ձեռնարկությունների արդյունքների միագումար` առաջինը կրկնահաշիվ է պարունակում, մի ձեռնարկության արուրքներն ու նյութերը այնուհետև օգտագործվում են այլ ձեռնարկությունների կողմից և մտնում դրանց արտադրանքի արժեքի մեջ: Աշխատանքի հասարակական բաժանման զարգացման համեմատ կրկնահաշիվն աճում է: Կրկնահաշվից կամ միջանկյալ արդյունքի արժեքից ազատված Հ. ա. ա. վերջնական հասարակական արդյունքն է, որն ավելի ճիշտ է բնորոշում հասարակական արտադրության դինամիկան: Հ. ա. ա–ի վերարտադրությունն իրականանում է բնաիրային և արժեքային ձևերի միասնության մեջ: Ըստ բնաիրային ձևի այն բաղկացած է արտադրամիջոցներից և սպառման առարկաներից, իսկ ըստ արժեքային ձևի` արտադրամիջոցների փոխանցված արժեքից (փոխհատուցման ֆոնդ) և նորաստեղծ արժեքից (ազգային եկամուտ):
