Jump to content

ՀՍՀ/ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ, տնտեսագիտական կատեգորիա, բնորոշում է արտադրության արդյունքը` կատարված ծախսումների համադրությամբ: Հ. ա. ա. հատկապես կարևոր է սահմանափակ արտադրական ռեսուրսների պայմաններում, երբ անհրաժեշտ է ընտրել այդ ռեսուրսների օգտագործման նպատակահարմար ուղղություններն ու ձևերը: Հ. ա. ա–յան մակարդակը գնահատվում է արդյունավետության ցուցանիշների միջոցով, որոնք արդյունքի և ծախսումների կոնկրետ արտահայտությունների համար ստանում են որոշակի բովանդակություն ու օգտագործման շրջանակ, կազմում համակարգ: Հ. ա. ա–յան ցուցանիշները տարբերվում են` ա. դրանցում հաշվի առնված ծախսումների բնույթով, որպես ծախսումներ են ընդունվում միանվագ և ընթացիկ ծախսումների կոմպլեքսը, միանվագ և ընթացիկ ծախսումներն առանձին–առանձին, նաև դրանց բաղկացուցիչ մասերը: Ընդ որում, յուրաքանչյուր տիպի ծախսումներ կարող են օգտագործվել լրիվ ծավալով կամ դիֆերենցված (օրինակ, տարվա ընթացքում ծախսերի աճի) ձևով. բ. արդյունքի բնույթով, որպես արդյունք են ընդունվում համախառն արտադրանքը, զուտ պայմանական կամ նորմատիվային զուտ արդյունքը, վերջնական կամ իրացվող արդյունքը, շահույթը ևն. գ. արտադրության ընդգրկման աստիճանով, ցուցանիշները որոշվում են արտադրության ամբողջ ոլորտի, դրա առանձին ճյուղերի, ենթաճյուղերի, մինիստրությունների, միավորումների, ձեռնարկությունների, դրանց կառուցվածքային միավորների, նաև արտադրական որևէ գործողության համար, դ. տարածքի ընդգրկման աստիճանով, որոշվում են երկրի, միութենական կամ ինքնավար հանրապետությունների, երկրամասերի, մարզերի, քաղաքների, շրջանների, նաև տարածքային ավելի փոքր միավորներում տեղադրված արտադրությունների համար: Հ. ա. ա–յան ցուցանիշները ստորաբաժանվում են հիմնականի և օժանդակի, բացարձակի և համեմատականի: Հիմնական ցուցանիշներում որպես արդյունք է ընդունվում այն հետևանքը, որի ստացումը տվյալ ծախսումների հիմնական նպատակն է. մնացած ցուցանիշներն օժանդակ են: Բացարձակ արդյունավետության ցուցանիշները որոշվում են արտադրության որևէ տարբերակի (մյուսներից անկախ) համար` ծախսումների և դրանց արդյունքի հարաբերությամբ, և ներկայացնում լրիվ ծախսումների միավորից ստացվող արդյունքը (կամ հակադարձ մեծությունը): Համեմատական արդյունավետության ցուցանիշները որոշվում են արտադրության երկու փոխադարձաբար փոխարինելի տարբերակների ծախսումների տարբերության և դրանց արդյունքների տարբերության հարաբերությամբ, արտահայտում լրացուցիչ ծախսումների միավորից ստացվող արդյունքի (կամ դրա հակադարձի) մեծությունը: Հ. ա. ա–յան շարժն ուսումնասիրելիս ցուցանիշները հաշվարկվում են համադրելի գներով, արտադրության տարբերակներն ըստ արդյունավետության համադրելիս, արդյունքի և ծախսումների հաշվառման սկզբունքները նույնացվում են: Հ. ա. ա–յան ցուցանիշներից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, հնարավորություն չի տալիս արտադրության տարբերակների համեմատական վերլուծություն կատարել, ընտրել լավագույնը, քանի որ տարբերակից տարբերակ անցնելիս մի շարք ցուցանիշներ կարող են ունենալ փոփոխության տարբեր ուղղություն և ինտենսիվություն: Արդյունավետության ընդհանրացնող ցուցանիշի կառուցման և չափանիշի ընտրության տեսական դժվարությունն ու գործնական հրատապությունը պայմանավորում են տնտեսագիտության մեջ այդ պրոբլեմների լուծման ուղղությունների տարբերությունը: Հ. ա. ա–յան չափանիշ են ընդունվում արդյունքի միավորի վրա ծախսված աշխատաժամանակի կամ կենդանի ու առարկայացած աշխատանքի տնտեսումը, շահույթի, զուտ շահույթի կամ շահութաբերության աճը ևն: Ընդհանուր առմամբ, չափանիշը պետք է արտացոլի արտադրության բոլոր ծախսումներն ու հիմնական նպատակները, ապահովի օգտագործված ծախսումների ու արդյունքների համապատասխանությունն ըստ ժամանակի, տեղի և մեծության: Սակայն, Հ. ա. ա–յան չափանիշը չի բացառում ցուցանիշների համակարգը, գոյություն չունի վերջինից զատ և չի փոխարինում նրան: Զարգացած սոցիալիզմի պայմաններում Հ. ա. ա–յան բարձրացումը, վերջին հաշվով, ենթարկվում է հասարակության սոցիալական զարգացման, նրա սոցիալական արդյունավետության աճի նպատակին: Սոցիալական արդյունավետության առավել ընդհանուր չափանիշը ժողովրդի կենսամակարդակի բարձրացումն ու անհատի համակողմանի զարգացումն է: Կենսամակարդակն արտահայտվում է ցուցանիշների որոշակի համակարգով, ռեալ եկամուտների աճ, բնակչության մեկ շնչին ընկնող սննդամթերքի սպառում ևն: Սակայն սոցիալական բազմաթիվ փոփոխությունների (հատկապես անհատի հոգևոր կյանքի, հասարակական հարաբերությունների) անմիջական հաշվառումն ու քանակական գնահատումը հաճախ անհնար է: Այս դեպքերում օգտագործվում են անուղղակի մեթոդներ. կենցաղի աշխատանքի պայմանների փոփոխությունը գնահատվում է բնակչության կյանքի երկարատևությամբ, մանկամահացության, արտադրական տրավմատիզմի ու պրոֆեսիոնալ հիվանդությունների կրճատմամբ ևն: Հ. ա. ա–յան բարձրացման ուղիներն են` գիտատեխ. առաջընթացի արագացումը, արտադրության ճյուղային, տերիտորիալ և ֆունկցիոնալ կառուցվածքի ու համամասնությունների կատարելագործումը, աշխատանքային, նյութական, բնական ու ֆինանսական ռեսուրսների, արտադրական ֆոնդերի ու կարողությունների օգտագործման բարելավումը, արտադրության մասնագիտացումը և համակենտրոնացումը, կոոպերացված կապերի զարգացումը ևն: Հ. ա. ա–յան անշեղ բարձրացմանն ուղղված ՍՄԿԿ տնտ. ստրատեգիան նախատեսում է ժողտնտեսության ճյուղերի ինտենսիվ զարգացում, արտադրական բոլոր պրոցեսների ինտենսիվացում, արտադրանքի ու աշխատանքի բարձր որակի ապահովում: 1971–75–ին ՍՍՀՍ ժողտնտեսության մեջ աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է 23–ով, որի շնորհիվ ստացվել է արդյունաբերության արտադրանքի հավելաճի 84, շինարարության 78–ը, գյուղատնտեսության ամբողջ հավելաճը: Հասարակական արտադրության ինտենսիվացման ՍՄԿԿ տնտ. կուրսի իրականացումը պայմանավորված է Հ. ա. ա–յան բարձրացման և կառավարման տնտ. մեխանիզմի կատարելագործման արդի պրոբլեմների գիտական մշակմամբ: (Տես նաև Արտադրության ինտենսիվացում, Կապիտալ ներդրումների արդյունավետություն):

Բ. Եղիազարյան