Jump to content

ՀՍՀ/ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ, փիլիսոփայական և իրավական ուսմունք, որը հասարակության և պետության ծագումը համարում է մարդկանց փոխհամաձայնության արդյունք, որով իբր բնական անապահով վիճակից անցում է կատարվել քաղաքացիականին: Հ. դ–ի գաղափարը առաջադրել է Էպիկուրը (թեև դրա արտահայտություններ եղել են նաև ավելի վաղ շրջանում): Որպես ամբողջական ուսմունք Հ. դ. առաջացել է Արևմտյան Եվրոպայում: Այն բուրժ. հարաբերությունների զարգացման հետևանք էր և դարձել է ֆեոդալիզմի դեմ պայքարի գաղափարական նախադրյալ: Հ. դ. բուրժ. տեսության հիմնադիրը Հ. Գրոտիոսն է: Ի հակադրություն իշխանության աստվածային ծագման ուսմունքների, Հ. դ–ի կողմնակիցները, ելնելով բնական իրավունքից, պնդում էին, որ պետ. կառավարումը կազմավորվել է ազատ ու անկախ անհատների փոխպայմանավորվածությամբ` մարդու բնածին իրավունքը, անվտանգությունն ու սեփականությունը ապահովելու նպատակով: Մարդկանց մինչհասարակական վիճակը բնորոշվել է կամ որպես համընդհանուր պատերազմ, ուր մարդը մարդու համար գայլ է (Թ. Հոբս), կամ բնական ազատության ու հավասարության վիճակ (Ջ. Լոկ, Ժ–Ժ. Ռուսո): Հ. դ–ի տեսության արմատական–հեղափոխական ըմբռնմամբ պետությունն առաջացել է դաշինքով և պայմանադիր կողմերից մեկն է, հետևաբար, իր պարտականությունները չկատարելու կամ իրավունքները չարաշահելու դեպքում, ազատ քաղաքացիներն իրավունք ունեն ըմբոստանալու և տապալելու այն (Ջ. Լոկ, հատկապես ժ–ժ. Ռուսո): Հ. դ–ի տարբեր ըմբռնումները բնորոշ են նաև Բ. Սպինոզային, Դ. Դիդրոյին, Ս. Պուֆենդորֆին, Թ. Ջեֆերսոնին, Ա. Ռադիշչևին: Հ. դ–ի և բնական իրավունքի գաղափարներն արտահայտել են նաև XVIII – XIX դդ. հայ առաջավոր մտածողները (Հ. Էմին, Շ. Շահամիրյան, Մ. Բաղրամյան, Խ. Աբովյան, Ա. Բագրատունի, Մ. Թաղիադյան, Մ. Աղաչրաղյան և ուրիշներ): Այդ գաղափարները նրանք դարձրել են հասարակագիտական և սոցիալ–քաղ. հայացքների մշակման ելակետ: Թեև Հ. դ. տեսությունը ունեցել է առաջադիմական նշանակություն, սակայն հիմնականում արտահայտել է բուրժուազիայի և բուրժ. հասարակարգի շահերը, այն, ինչպես ցույց է տվել Վ. Ի. Լենինը, պետության մասին նախամարքսյան քաղ. սխալ պատկերացումների առավել լրիվ արտահայտությունն է: