Jump to content

ՀՍՀ/ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ, մասսայական գիտակցության վերաբերմունքը հասարակական կյանքի կարևոր և վիճելի հարցերի, ինչպես նաև առանձին անձանց ու հաստատությունների գործունեության նկատմամբ: Հ. կ. առնչվում է հասարակական գիտակցության բոլոր հայտնի ձևերին և յուրովի արտացոլում է հասարակության կամ նրա առանձին խմբերի շահերը: Հասարակության զարգացման սկզբնական շրջանում լինելով հասարակական կյանքի հիմնական կարգավորող գործոնը (ավանդույթը, վարքի նորմաները և ընդհանրապես կենսակերպի ստհրեոտիպերը կարող են դիտվել որպես Հ. կ–ի թանձրացումներ)` Հ. կ. աստիճանաբարիր ֆունկցիաների նշանակալի մասը զիջել է պետական–իրավական հարկադրանքին: Բուրժուազիայի հռչակած դեմոկրատական ազատությունները նշանավորեցին հասարակական կյանքում Հ. կ–իիրավունքների վերականգնումը: Սակայն այստեղ ակնհայտ է նաև հակառակ միտումը` Հ. կ–ի ֆունկցիաների և գործունեության ոլորտների սահմանափակում, պաշտոնապես ցանկալի Հ. կ–ի ծրագրավորում ևն: Ընդունելով հասարակական կյանքում Հ. կ–ի կարևոր դերը` բուրժ. հետազոտողները, որպես կանոն, պնդումեն, որ այն մոլորությունների, նախապաշարմունքների, ստերեոտիպերի և այլ իմացական կազմավորումների թերարժեք զետեղարան է: Այս դատողությունները նպատակ ունեն հիմնավորելու, որ դեմոկրատիան տեսականորեն սնանկ է, գործնականորեն` կործանարար: Սոցիալիստական հասարակարգում հասարակական կյանքի խորը և իսկական դեմոկրատացման, մասսայական գիտակցության լավատեղյակության աճի, նրանում գիտականության տարրերի մեծացմանը զուգընթաց, Հ. կ. վերածվում է հասարակական կյանքը ավելի ու ավելի ճիշտ արտացոլող հոգևոր երևույթի և, հետևաբար, դառնում է հասարակական պրոբլեմների լուծման կարևոր միջոցներից մեկը: Ընտրությունները, հանրաքվեները, համաժողովրդական քննարկումներն հասարակական ամենանշանակալի գործողությունների կատարման և դրանց օրինականացման լավագույն հիմքն են: Հ. կ., որպես պետական հաստատությունների գործունեության նկատմամբ յուրատեսակ հսկողություն իրականացնող և նրանցից վեր կանգնած ուժ, կատարում է երեք հիմնական ֆունկցիա.

1. վերահսկման` որոշակի վերաբերմունք է ցույց տալիս հասարակական իրադարձություններին, պետական հաստատությունների և անհատների գործունեությանը.

2. խորհրդատու` խորհուրդ է տալիս, հասարակական հարցերի լուծման վերաբերյալ իր ցանկություններն է արտահայտում, որոնք գործնականում արդյունավետ են լինում հատկապես այն դեպքում, երբ պաշտոնական կողմը այդ հարցերն առաջադրում է իրոք խորհուրդ ստանալու և կողմնորոշվելու նպատակով.

3. դիրեկտիվ` վճիռ է կայացնում, իր կամքն է թելադրում որոշակի հարցերի կապակցությամբ: Հ. կ., մշակելով հասարակական վարքի որոշակի նորմաները, նաև կարգավորում է անհատների և հասարակական խմբերի հարաբերությունները: Հ. կ. կարող է ձևավորվել տարերայնորեն կամ պետական հաստատությունների նպատակասլաց գործունեության հետևանքով: Սակայն բոլոր դեպքերում նրան ամբողջապես բնորոշ է ոչ պաշտոնականությունը:

Գրկ. Уледов А.К., Общественное мнение советского общества, М., 1963 Грушин Б. А., Мнения о мире и мир мнений,М., 1967. Ս. Մուրադյան