Jump to content

ՀՍՀ/ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ (Le Comit de solut public), Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակաշրջանում Յակոբինյան դիկտատուրայի ղեկավար մարմին: Ստեղծվել է 1793–ի ապրիլի 6–ին: Նրան հանձնարարված էր հետևել մինիստրների գործունեությանը, արտակարգ պարագաներում ձեռնարկել պաշտպանական միջոցներ ներքին ու արտաքին թշնամիների դեմ: Ընտրում էր Կոնվենտը: 1793–ի հուլիսի 27–ին կոմիտեի կազմում ընտրվեց Մ. Ռոբեսպիերը, որը դարձավ Հ. փ. կ–ի փաստական ղեկավարը: Կոմիտեն իր ձեռքում կենտրոնացրեց երկրի պետ. և քաղ. գործունեության բոլոր բնագավառները, իրեն ենթարկեց պետ. իշխանության, այդ թվում ռազմ. մարմինները, դարձավ ներքին և արտաքին հակահեղափոխության դեմ ժող. ուժերը կազմակերպող հեղափոխական ամենագործուն և հզոր կենտրոն: Յակոբինյան դիկտատուրայի ճգնաժամը և Հ. փ. կ–ում ներքին տարաձայնությունները, որոնք ի հայտ եկան 1794–ի գարնանը, հունիսին վերաճեցին բացահայտ պայքարի Մ. Ռոբեսպիերի և նրա հակառակորդների միջև: Տերմիդորյան հակահեղափոխական հեղաշրջումից (1794–ի հուլիս) հետո Հ. փ. կ. զրկվեց նախկին իրավունքներից և կորցրեց իր նշանակությունը: 1795–ի հոկտ. 26–ին «III տարվա սահմանադրության» ընդունմամբ դադարեց գոյություն ունենալուց: