ՀՍՀ/ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱ, յուրաքանչյուր հասարակական–տնտեսական ֆորմացիային բնորոշ աշխատանքի նյութական գործոնների` արտադրության միջոցների ամբողջություն: Հ. ն. բ–ի զարգացման մեջ առաջատարն արտադրության գործիքներն են: Դրանց կատարելագործումն ազդում է աշխատանքի առարկաների կազմի վրա, իսկ վերջիններիս օգտագործման փորձի կուտակումը էապես փոխազդում է արտադրության գործիքների և ամբողջ արտադրության զարգացման վրա: Հ. ն. բ. զարգանում է հասարակության հիմնական արտադրողական ուժի արտադրության աշխատողների հետ սերտ փոխազդեցության մեջ: Դա նպաստում է անմիջական արտադրողների աշխատանքային փորձի կուտակմանն ու որակավորման բարձրացմանը, մեծացնում նրանց իշխանությունը բնության ուժերի նկատմամբ, պայմանավորում աշխատանքի հանրայնացման աճը, հասարակության և առանձին ձեռնարկության մասշտաբով` աշխատանքի առաջադիմական բաժանումն ու կոոպերացումը: Մյուս կողմից, աշխատողների արտադրական փորձի կուտակումն ու կուլտուրտեխ. մակարդակի աճը Հ. ն. բ–ի կատարելագործման և արդյունավետ օգտագործման պայմանն է: Նյութատեխնիկական բազայի, որպես հասարակության արտադրողական ուժերի բաղկացուցիչ մասի, զարգացումը որոշում է արտադրական հարաբերությունների (տես Արտադրողական ուժեր և արտադրական հարաբերություններ) փոփոխումը: Արտադրական հարաբերությունները, իրենց հերթին, ազդում են արտադրողական ուժերի զարգացման, հետևաբար` Հ. ն. բ–ի վրա: Նոր, առավել առաջավոր արտադրական հարաբերությունները, խթանելով արտադրողական ուժերի արագ զարգացումը, հեղաշրջումներ են առաջացնում արտադրության ոլորտում: Յուրաքանչյուր հասարակական–տնտ. ֆորմացիա, առաջ մղելով արտադրության տեխնիկան, ստեղծում է յուրահատուկ նյութատեխնիկական բազա: Նախնադարյան–համայնական, ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերի նյութատեխնիկական բազան հիմնվել է ձեռքի աշխատանքի և պրիմիտիվ տեխնիկայի կիրառման վրա: Կապիտալիզմն իր նյութատեխնիկական բազան` խոշոր մեքենական արտադրությունը, ստեղծել է արդյունաբերական հեղաշրջման և կապիտալիստական ինդուստրացման շնորհիվ (XVII –XIX դդ.): Կապիտալիզմի ստեղծած բարձր զարգացած Հ. ն. բ. անհաշտ հակասության մեջ է մտնում առաջընթացը խոչընդոտող մասնավոր կապիտալիստական սեփականատիրական հարաբերությունների հետ: Այդ հակասությունը լուծվում է սոցիալիստական հեղափոխությամբ, վերանում է արտադրության միջոցների մասնավոր սեփականությունը, մարդու կողմից մարդու շահագործումը, պայմաններ են ստեղծվում արտադրողական ուժերի անարգել զարգացման համար: Տես նաև Սոցիալիզմի նյութատեխնիկական բազա, Կոմունիզմի նյութատեխնիկական բազա:
