Jump to content

ՀՍՀ/ՀԱՍՄԻԿ ԲՈՒՅՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍՄԻԿ, ժասմին (Jasminum), ձիթենազզիների ընտանիքի դեկորատիվ թփերի կամ լիանների ցեղ: Տերևները մանր են, կոշտ, եռմասնյա, հազվադեպ` պարզ: Ծաղիկները հոտավետ են, սպիտակ, դեղին, կարմրավուն, միայնակ, կիսահովանոցում կամ վահանիկում հավաքված: Ծաղկում է մայիս–հուլիս ամիսներին: Պտուղները մանր են, կլոր, սև: Հայտնի շուրջ 200 տեսակները տարածված են հիմնականում Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի արևադարձային ու մերձարևադարձային գոտիներում, ՍՍՀՄ– ում` 2 տեսակ. դեղատու Հ. (J. officinale) և թփային Հ. (J. fruticans): Վերջինս բնական ձևով աճում է նաև ՀՍՍՀ–ում, առանձնապես Զանգեզուրում, Վայքում, Հրազդանում: Բազմանում է սերմերով, արմատային մացառներով: Ունի բարձր դեկորատիվություն, օգտագործվում է անտառապատման և կանաչապատման համար: