ՀՍՀ/ՀԱՍՄԻԿ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
ՀԱՍՄԻԿ Թագուհի Ստեփանոսի Հակոբյան, 9(21).3.1879, Նախիջևան–23.8.1947, Երևան, հայ սովետական դերասանուհի: ՀՍՍՀ ժող. արտիստուհի (1935): Առաջին անգամ բեմ է ելել ծննդավայրում, Սաֆրազյան ամուսինների հյուրախաղային թատերախմբում, փոքրիկ տղայի դերով: 1904–ին Թիֆլիսի ժողովարանի թատերախմբում կատարել է Քալիի (Աունդուկյանի «Քանդած օջախ»), այնուհետև` Կեկելի («Պեպո») դերերը: 1906–ին հրավիրվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թատերախումբը: Աունդուկյանի պիեսներում, կենցաղային ռեալիզմի վարպետներ Վարդուհու, Գ. Տեր–Դավթյանի և ուրիշների խաղընկերությամբ, Հ. բեմական առաջին քայլերից հավատարմագրվել է ռեալիստական խաղաոճին, ժող. կյանքի ընդերքից եկող հերոսուհիների անձնավորման արվեստին: Դրա կնիքն էին կրում նրա դերակատարումները նաև Ա. Շիրվանզադեի պիեսներում. Շպպանիկ («Նամուս»), Զառնիշան («Չար ոգի»), որոնք անձնավորման կատարյալ հավաստիությամբ և ներգործության ուժով մեծ համբավ են բերել դերասանուհուն: Իրապատում խաղի հատկանիշներով Հ. աչքի է ընկել նաև այլազգի հեղինակների պիեսների դերակատարումներում` Մադլեն (Օ. Միրբոյի «Ժան Ռուլ»), Էլենե (Հաուպտմանի «Միքայել Կրամեր»), Հաննա (Հալբեի «Հեղեղ»), Իվոլգինա («Ապուշը», ըստ Դոստոևսկու), Լյուդմիլա (Նայդյոնովի «Վանյուշինի զավակները»), Էլմիր (Մոլիերի «Տարտյուֆ»), տիկին Շտոկման (Իբսենի «Դոկտոր Շտոկման»), Խանումա (Ա. Ցագարելիի «Խանումա»), Քրիստինե (Իրեթելիի «Քրիստինե»), Ժակլին (Բիսոնի «Անհայտ կինը»), Կնիրտյե (Հեյերմանսի «Հույսի» կործանումը») ևն: Նախահեղափոխական դերակատարումներում խաղի հոգեբանական խորքով, իրապատում ոճով, կենսական բացարձակ հավաստիությամբ, հուզական վարակիչ ուժով Հ. դարձել է հոգեբանական ռեալիզմի խոշոր վարպետներից մեկը հայ թատրոնում: Բացի Հայոց դրամատիկական ընկերության թատերախմբից, որ հանդես էր գալիս Թիֆլիսի Արտիստական թատրոնում, Հ. նաև խաղացել է Զուբալովի ժողովրդական տանը, Հավլաբարի ժողովրդական թատրոնում: Հայաստանում սովետական կարգերի հաստատումը Հ. դիմավորել է իբրև ստեղծագործորեն ձևավորված նկարագրի և դեմոկրատական հայացքների տեր արվեստագետ: Ի պատասխան ժողովրդական թատերախմբեր կազմակերպելու հեղկոմի կոչի` Հ. Դիլիջանում 1920–ին գլխավորել է թատերախումբ: Երևան է տեղափոխվել 1921–ին: Նրա առաջին նշանավոր դերը Առաջին պետթատրոնի (այժմ` Աունդուկյանի անվ.) բեմում եղել է Վիտտիխենը (Հաուպտմանի «Զրասույզ զանգ», 1922): Հայ սովետական բեմում Հ. իրեն հատուկ վարպետությամբ հանդես է եկել ոչ միայն իր ավանդական հայտնի դերերով (Խամփերի` «Խաթաբալա», Շուշան` «Պեպո» ևն), այլև իր մասնակցությունը բերել նոր հերոսուհու պատկերման արվեստին. Լյուբով 8 արովայա (Տրենյովի «Լյուբով Յարովայա», 1927), Աննա (Ռոմաշովի «Ռելսերը զրնգում են», 1929), Կլարա (Աֆինոգենովի «Ահը», 1932), Մարիա Լվովնա (Ռախմանովի «Պրոֆեսոր Պոլեժաև», 1938): Հ–ի հասուն վարպետության, հոգեբանական խորունկ անձնավորման նոր արտահայտություններ են եղել նրա Մելանյան (Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», 1933), Վասսա Ժելեզնովան (Գորկու «Վասսա Ժելեզնովա», 1937): Դերասանուհին հուզական մի առանձին ներգործության է հասել մայրերի դերերում, որոնք խոշոր տեղ են գրավել նրա դերաշարում: Այդպիսին էր նաև նրա վերջին դերը (Աննա, Մ. Քոչարյանի «Հարազատ մարդիկ», 1947): Հ. կարևոր դեր է կատարել նաև հայ կինոարվեստի սկզբնավորման ու զարգացման գործում: Մի շարք կինոնկարներում («Նամուս», 1925, «Չար ոգի», 1927, «Գիքոր», 1934, «Պեպո», 1935, «Սևանի ձկնորսները», 1938, «Մեր կոլխոզի մարդիկ», 1939 ևն) անձնավորել է բացառապես մայրերի կերպարներ, որոնց հուզական ազդեցությունն էլ ավելի է մեծացրել նրա համաժողովրդական հռչակը: Աշխատանքի հերոս (1936): Եղել է ՀՍՍՀ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ:
Երկ. Թատերական հուշեր, Ե., 1947:
Գրկ. Ժողովրդական դերասանուհի Հասմիկի բեմական և հասարակական գործունեության 30–ամյակը, Ե., 1936: Քալանթար Լ., Հասմիկը, «Խորհրդային արվեստ», 1936, 8: Զարյան Ռ., Հասմիկ, Ե., 1970: Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967: Հասմիկ (ժողովածու–ալբոմ), Ե., 1972: Լ. Հախվերդյան
