ՀՍՀ/ՀԱՍՈՒՆՅԱՆ
ՀԱՍՈՒՆՅԱՆ Անտոն (1809, Սիրիա – 1884), կաթոլիկ եկեղեցական գործիչ: Կրթությունն ստացել է Հռոմի պրոպագանդայի դպրոցում: Եղել է Անարզաբայի (Կիլիկիա) կաթոլիկ համայնքի եպիսկոպոս, 1846–ից` Կ. Պոլսի հայ կաթոլիկների պատրիարք, 1847–ից` կաթոլիկ հայերի կաթողիկոս` Անտոն Պետրոս Թ անունով, որի իրավասությանը ենթակա էին Թուրքիայի, Ասորիքի, Միջագետքի, Եգիպտոսի հայ կաթպիկները: Եպիսկոպոսական աթոռներ է հաստատել Կ. Պոլսում, Հալեպում, Մարաշում, Ադանայում և Դիարբեքիրում: 1850–ական թթ. ձևավորված «Հասունյան կուսակցությունը», վատիկանի սադրանքներով, դավանաբանական պայքար է մղել Էջմիածնի կաթողիկոսության և Կ. Պոլսի պատրիարքարանի դեմ և միջոցների մեջ խտրություն չդնելով` դավանափոխ արել հայերի: Այդ գործունեությունը նույնիսկ զայրույթ է առաջ բերել կաթոլիկ հայերի մեջ, որոնք աջակցել են հակահասունյան խմբակցությանը, պայքարել մայրենի լեզվի և ազգային ավանդույթների պահպանման համար: Հակահասունյանների ճնշման տակ Հ. ստիպված վերադարձել է Հռոմ, դիմել պապի օգնությանը: Կարդինալների օգնությամբ նորից վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ Հ–ի և նրա հակառակորդների միջև պայքարն ավելի է սրվել: Պապը, զգալով, որ Հ–ի ներկայությունը վնասում է Վատիկանի արևելյան քաղաքականությանը, նրան ետ է կանչել: Կյանքի հետագա տարիները Հ. անցկացրել է Հռոմում:
Գ. Ստեփանյան
