ՀՍՀ/ՀԱՍՏՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍՏՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ, մեքենաշինության ճյուղ, ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերի համար թողարկում է մետաղամշակման և փայտամշակման հաստոցներ, կիսաավտոմատ և ավտոմատ գծեր, համալիր–ավտոմատ արտադրություններ, դարբնոցամամլիչային և ձուլման սարքավորումներ: Մեքենա արտադրող մեքենայի, հատկապես մեխանիկական սուպորտով մետաղամշակման հաստոցի հայտնագործումը պայմանավորված էր կապիտալիստական խոշոր արտադրության զարգացմամբ: Խառատայինից մետաղամշակման մյուս հաստոցների վրա մեխանիկական սուպորտի տեղադրմամբ սկզբնավորվեց գործադիր մեխանիզմով հաստոցների թողարկումը: Հետագայում մշակվեցին ֆրեզերային, ռանդիչ, թործիչ, շրջահաստոցների և այլ մոդելներ: Ռուսաստանում հաստոցներ էին արտադրում Պետերբուրգի «Բերդա» (1790) և «Իսլա» (1824) գործարանները, 1815–ից` Տուլայի զինագործարանը: 1913–ին թողարկվել է ընդամենը 1,8 հզ. մետաղահատ հաստոց, իսկ դրանց նկատմամբ արդյունաբերության պահանջարկի 76–84–ը` ներմուծվել: Սովետական իշխանության տարիներին Հ. վերստեղծվեց: 1929–ին, «Ստանկոտրեստի» կազմավորմամբ, այն դարձավ ինքնուրույն ճյուղ, 1929–40–ին հաստոցաշինական ձեռնարկություններ կառուցվեցին Կրամատորսկում, Կիևում, Խարկովում, Մոսկվայում ևն: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հ. կատարում էր ռազմ. պատվերներ, շարունակվում էր նաև նոր գործարանների (Նովոսիբիրսկի, Ստերլիտամսկի) շահագործումը: Ետպատերազմյան շրջանում ՍՍՀՄ Հ. աշխարհում առաջատար տեղ գրավեց լայն անվանացանկի մետաղահատ հաստոցների արտադրությամբ: 1978–ին, 1950–ի համեմատ, մետաղահատ հաստոցների արտադրությունն ավելացավ 3,4, ավտոմատ ու կիսաավտոմատ գծերինը` 8,4 անգամ: Բարձր տեմպերով է աճել ճշգրիտ, կոորդինատային–ներտաշ, ծանր, ունիկալ, թվային ծրագրային կառավարմամբ մետաղահատ հաստոցների թողարկումը: Յուրացվել է էլեկտրակայծային, իմպուլսային, կոնտակտային, ուլտրաձայնային հաստոցների արտադրությունը: Կիրառվում են մետաղի մշակման էլեկտրաֆիզիկական, էլեկտրաքիմիական մեթոդներ, լույսի ճառագայթով չափամշակումը: Սոցիալիստական մյուս երկրներից Հ. հատկապես զարգացած է Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ռումինիայում, կապիտալիստական երկրներից` ԱՄՆ–ում, Ճապոնիայում, ԳՖՀ–ում: Հայաստանում Հ. սկզբնավորվել է 1944–ին, երբ Երևանի Ձերժինսկու անվ. մեքենաշինական գործարանը վերակառուցվեց խառատային հաստոցների արտադրության ուղղությամբ: Նույն տարում թողարկվեց 1615 մակնիշի խառատային առաջին հաստոցը: 1950–ից հաստոցներ արտադրեց նաև Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանը: 1955–60–ին, Չարենցավանի հաստոցաշինական, Լենինականի հղկող, Կիրովականի ճշգրիտ, Երևանի ֆրեզերային, 1972–ին` փորձնական հաստոցաշինական գործարանների կառուցմամբ Հ. ձեավորվեց որպես ՀՍՍՀ մեքենաշինության բարձր զարգացածճյուղ: Յոթնամյակի տարիներին ավելացավ հղկող, հորիզոնական ներտաշ, լայն ունիվերսալ ֆրեզերային, շառավղային գայլիկոնիչ, հատուկ և կիսաավտոմատ հաստոցների արտադրությունը, հաստոցների թողարկման քանակով Հայկ. ՍՍՀ ՍՍՀՄ–ում գրավեց 5–րդ տեղը: 1966–1970–ին սկսվեց ավտոմատ թվային ծրագրային կառավարմամբ հաստոցների արտադրության յուրացումը: 1971–75–ին մետաղահատ հաստոցների թողարկում նաճեց 23 –ով, արտադրվեց մոտ 40 տիպաչափի հաստոց, որոնց 50–ը ճշգրիտ և գերճշգրիտ էին: Հ–յան բնագավառում գիտատեխնիկական հետազոտություններն իրականացնում են «Հայմեքշինգիտ» ինստիտուտը, Մոսկվայի մետաղամշակման հաստոցների փորձնական ԳՀԻ–ի Անդրկովկասի մասնաճյուղը (ԷՆԻՄՍ): Հայկ. հաստոցները մեծ համարում ունեն ՍՍՀՄ–ում և արտասահմանում, Լայպցիգի, Պլովդիվի, Բուդապեշտի, Մոնրեալի և այլ ցուցահանդեսներում արժանացել են մեդալների ու դիպլոմների, արտահանվում են շուրջ 40 երկիր:
Ա. Նազարյան
