Jump to content

ՀՍՀ/ՀԱՍՏ ԱՂԻՔՆԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍՏ ԱՂԻՔՆԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, կոլիտ, ստամոքս–աղիքային համակարգի ամենատարածված հիվանդություններից: Պատճառներն են` վարակիչ հիվանդությունները (դիզենտերիա, սալմոնելոզ, ամեոբիազ, բալանտիդիազ ևն), սնուցման կոպիտ խախտումները, թունավորումները (սնդիկով, կապարով ևն): Հ. ա. բ. կարող է առաջանալ նաև միզարյունության դեպքում, որպես ինքնուրույն հիվանդություն (օրինակ` ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ), կամ երկրորդային` ախիլիկ ստամոքսաբորբի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և բարակ աղիքների բորբոքման դեպքում: Առաջացման պատճառներից և հիվանդության ծանրության աստիճանից կախված հաստ աղիքներում փոփոխությունները տատանվում են կատարալ պրոցեսներից մինչև մեռուկա–խոցային բորբոքում: Հ. ա. բ. Լինում է սուր և քրոնիկական: Սուր ընթացքի դեպքում նկատվում է ընդհանուր թուլություն, ախորժակի անկում, որովայնի սաստիկ ցավեր, լուծ, երբեմն (հատկապես դիզենտերիայի դեպքում) ցավոտ նքոցներ, ջերմության բարձրացում: Կղանքը լինում է խյուսանման կամ հեղուկ, լորձի խառնուրդով, ծանր դեպքերում` լորձա–արյունային: Հիվանդությունը առանձին դեպքերում կարող է դառնալ քրոնիկական: Վերջինիս դեպքում նկատվում է ախորժակի անկում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, սպազմատիկ ցավեր (դեֆեկացիայի ակտից առաջ և հետո), իրար հաջորդող լուծ (օրական 3–4 անգամ) և փորկապություն, երբեմն որովայնի փքվածություն, գազերի կուտակում: Ախտորոշումը. ռենտգենաբանական, աղեդիտման և կղանքի լաբորատոր հետազոտությունների տվյալներով:

Բուժումը. սուր ընթացքի և քրոնիկականի սրացման ժամանակ` 1–2 օր քաղց և կիսաքաղց, այնուհետև սպիտակուցային կամ ածխաջրատային դիետա, մանրացած, շոգեխաշած լիարժեք սնունդ: Ինֆեկցիոն Հ. ա. բ–ման դեպքում` հակամանրէային և հակամակաբածական դեղամիջոցներ, ուղիղ և սիգմայաձև աղիքները բորբոքվելիս` բուժիչ հոգնաներ: Քրոնիկական ընթացքի դեպքում` ֆիզիո–թերապևտիկ պրոցեդուրներ և առողջարանային բուժում (Եսենտուկի, ժելեզնովոդսկ, Պյատիգորսկ, Բորժոմ), ծանր խոցայինի ժամանակ` վիրաբուժական միջամտություն: Կանխարգելումը` ստամոքս–աղիքային համակարգի վարակիչ հիվանդությունների և մարսողության խանգարումների կանխում և ժամանակին բուժում, սննդի ճիշտ ռեժիմի կազմակերպում: