Jump to content

ՀՍՀ/ՀԱՍՐԱԹՅԱՆ ԷԶՐԱՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՍՐԱԹՅԱՆ Էզրաս Հասրաթի, ծն. 18(31). 5.1903, գ. Մեծք, Խլաթի գավառ, Բիթլիսի վիլայեթ, հայ սովետական ֆիզիոլոգ: ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ: ՍՄԿԿ անդամ 1929–ից: Ի. Պ. Պավլովի աշակերտը: 1926–ին ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ., 1930–ին` բժշկ. ֆակուլտետները: 1930–38–ին եղել է ՍՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստ–ի (Լենիեգրադ) ավագ գիտաշխատող, 1935–41–ին` Վ. Բեխտերևի անվ. ուղեղի ինստ–ի կենտրոնական նյարդային համակարգության բաժնի վարիչ, միաժամանակ` մանկավարժական ինստ–ի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 1941–43–ին` Տաշքենդի բժշկ. ինստ–ի դասախոս, 1944–1950–ին` ՍՍՀՄ ԳԱ նյարդային համակարգության կոմպենսատոր հարմարանքների լաբորատորիայի վարիչ, 1950–52–ին` բարձրագույն նյարդային գործունեության ինստ–ի դիրեկտոր, 1953–60–ին` ՍՍՀՄ ԳԱ ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ, 1960–ից` բարձրագույն նյարդային գործունեության և նյարդաֆիզիոլոգիայի ինստ–ի դիրեկտոր և պայմանական ռեֆլեքսների լաբորատորիայի վարիչ, 1950–60–ին` միաժամանակ Մոսկվայի երկրորդ բժշկ. ինստ–ի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: Հ–ի գիտական աշխատանքների հիմնական բնագավառը բարձրագույն նյարդային գործունեությունն է: Հ–ի նյարդային համակարգության պլաստիկության վերաբերյալ աշխատանքները համաշխարհային ճանաչում գտան: Հ. հիմնավորեց արգելակման պրոցեսի բուժիչ և պահպանող դերը, մշակեց նոր մեթոդ` վնասվածքային, այրվածքային, ջերմային շոկի կանխորոշման և բուժման համար: Ստեղծագործաբար զարգացնելով պավլովյան ուսմունքը բարձրագույն նյարդային համակարգության ֆիզիոլոգիայի բնագավառում` Հ. հարստացրեց այն մի շարք բացահայտումներով, որոնցից ամենակարևորներն են պայմանական ռեֆլեքսների համակարգայնության օրինաչափությունները, պայմանական կապերի երկկողմանի բնույթը, փոխարկումային պայմանական ռեֆլեքսների առկայությունը և ներքին արգելակման առաջացման մեխանիզմը, տեղակայումը պայմանական ռեֆլեկտորային աղեղի սահմաններում: Հ–ի կողմից առաջարկված հակաշոկային հեղուկները մեծ կիրառություն գտան Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Հ. «Журнал высшей нервной деятельности им. акад. Павлова» ամսագրի գլխավոր խմբագիրն է, արտասահմանյան բազմաթիվ գիտական հանդեսների խմբագրության անդամ, «Ինտերմոզգ» միջազգային գիտական կազմակերպության նախագահը: Հ. արժանացել է Ի. Պավլովի անվան մրցանակի (1951), Ի. Պավլովի անվ. ոսկե մեդալի (1963), Պուրկինեի մեդալի (1975): Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և այլ շքանշաններով:

Երկ. Բարձրագույն նյարդային գործունեության ֆիգիուոգիա, Ե., 1966: Ի. Պ. Պավլով, Ե., 1978: Физиология центральной нервной системы, М.1953 Лекции по нейрофизиологии, М., 1958 Очерки по физиологии условных рефлексов, М., 1973 Очерки по физиологии высшей нервной деятельности, Е., 1978.

Գրկ. Կարապետյան Ս. Կ., Էզրաս Հասրաթյան, Ե., 1973: Эзрас Асратович Асратян, М., 1967.